ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ

Ինչպե՞ս է կորոնավիրուսի (COVID-19) համավարակը վերափոխում գլոբալիզացիայի աշխարհաքաղաքականությունը և ազդեցությունը:

Վերջին հարյուր տարիների պատմության ընթացքում մարդկության հաղթահարած և վերապրած համաճարակների՝ խոլերայի, ժանտախտի, իսպանական գրիպի,  էբոլայի և մի շարք այլ վարակների ուսումնասիրությունները, թույլ կտային  կանխատեսել, պատրաստ լինել և իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում նման վարակներից խուսափելու կամ դրանց տարածումը հնարավորինս սահմանափակելու համար: Սակայն 21-րդ դարում, երբ ապրում ենք տեխնոլոգիական հաղթարշավի ժամանակներում, պետությունները անդամակցում են քաղաքական-տնտեսական միություններին, իրականացվում են բազմաթիվ փոխօգնության ծրագրեր, ի հայտ եկավ նոր տեսակի կորոնավիրուսը՝ իր հետ բերելով նոր փորձություններ, դասեր, ինչպես նաև հնարավորություններ: Կորոնավիրուսից հետո մարդկությունը կշարունակի ապրել, սակայն աշխարհաքաղաքական պատկերը նույնը չի լինի. համավարակի այս ճգնաժամը հզոր հարված է գլոբալիզացիային և այս քաղաքականությամբ առաջնորդվող վերազգային կառույցներին: Սակայն այն նաև հնարավորություն է՝ գաղափարական շղթաներից ազատվելու, մեկ այլ աշխարհ պատկերացնելու և ստեղծելու համար։

Ամիսներ առաջ  մարդիկ անգամ չէին մտածում, որ հնարավոր է գա մի ժամանակ, երբ շատ ճանապարհորդող, արտերկրում սովորող կամ աշխատող մարդիկ, կընկալվեն որպես վտանգավոր սուբյեկտ, որի ազատությունը պետք է և կարելի է սահմանափակել:  Դարեր շարունակ ինքնիշխանության և ազատությունների, մարդու իրավունքների համար պայքարող աշխարհի քաղաքացիները սեփական ազատությունն այսօր փոխարինում են անվտանգությամբ և ապահովությամբ՝ մնալով տանը: Տեղեկտավական տեխնոլոգիաների և համացանցի զարգացումը հնարավորություն ընձեռեց էլ ավելի մեծացնելու վիրտուալ միջավայրի դերը մարդկանց կյանքում: Հեռավար հանդիպումները, դասախոսությունները, քննարկումները նպաստեցին գլոբալ վիրտուալ աշխարհի սահմանների ընդլայնմանը:

Կորոնավիրուսը խոցեց իրական գլոբալացման քաղաքականությանը: Այդ հարվածի ակնառու և ազդեցիկ օրինակը, թերևս, Եվրոպական միությունն է: Եվրոպական Միությանում անդամ պետությունները փակեցին ոչ միայն արտաքին, այլև ներքին սահմանները: ԵՄ անդամ պետությունների ժողովուրդների մասին խոսելիս ընդունված է եվրոքաղաքացի եզրույթը, ԵՄ  տարածքում ազատ տեղաշարժի Շենգենյան գոտի է, կա նաև միասնական դրամային արժույթ՝ եվրոն: Իսկ ԵՄ ներքին սահմանների վերահսկողությունը, ի տարբերություն արտաքին սահմանների, շատ ավելի մեղմ է: Վերոնշյալ հանգամանքների պատճառով էլ ԵՄ անդամ երկրների բնակիչների և գերատեսչությունների համար լրացուցիչ դժվարություններ և անհարմարություններ հարուցվեցին՝ կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու համար պետությունների սահմանների փակումը իրականացնելիս: Դե իսկ ԵՄ անդամ երկրների  միջև փոխօգնության ձախողման օրինակն էլ՝ Իտալիայում հիվանդության մեծամասշտաբային տարածումն էր, ինչը փաստում է այն իրողությունը, որ անկախ քաղաքական-տնտեսական միության մաս լինելուց, պետությունների համար կարևոր է վարել առավել ֆրանգմենտային քաղաքականություն, որի հիմքում կլինի ներազգային շահերի պահպանումը և ներքին պահանջարկի, կարիքների ինքնուրույն ապահովման սկզբունքը: Այսպես, համավարակի ժամանակ երկրների գործողությունները ցույց են տալիս, որ գլոբալ համերաշխությունը զիջել է յուրաքանչյուր երկրի ազգային շահերին: Սակայն սա չի բացառում երկրների միջև փոխազդեցությունը, գործակցությունը և փոխօգնությունն ընդհանրապես:    

Կորոնավիրուսը հարված էր ժամանակակից աշխարհին: Հարված, որին պետք է դիմագրավեին քաղաքական զարգացած համակարգերը: Ոչ միայն առողջապահական, այլ նաև տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտների գերատեսչությունները պետք է օպերատիվ և համապատասխան արձագանք տային: Սակայն արդյունավետ և արագ արձագանք չտրվեց, անգամ հստակ որոշումներ կայացնելու մակարդակում: Որոշ դեպքերում անորոշությունը խանգարեց բավականաչափ քաղաքական կամք դրսևորելուն, որոշ դեպքերում էլ՝ իշխանությունները պարզապես փորձեցին անտեսել հնարավոր վտանգը՝ շարունակելով իրենց քաղաքական ծրագրերը իրականացնելը:  Պարզվեց որ աշխարհը, որտեղ աստիճանաբար զարգանում է գլոբալիզացիան, սկզբունքորեն  պատրաստ չէ լայնածավալ ճգնաժամերի, որոնք պահանջում են փոփոխություններ մարդկանց վարքագծում:

Գլոբալիզացիան չէր ենթադրում որևէ որակական, կառուցվածքային զարգացում: Համաշխարհայնացման քաղաքականության հիմքում քանակական ասպեկտն էր: Եվ սա, հավանաբար, գլոբալ աշխարհի գաղափարախոսների հիմնական սխալն էր, ովքեր համարում էին, որ սոցիալական որակները՝ հիմնված էթնիկական և մշակութային արմատներով, կարելի է հարմարեցնել նոր, քանակական սպառմամբ՝ վերացնելով ինքնությունների զանազանությունները:

Այսօր մենք բոլորս կանգնած ենք ազգային ինքնիշխանության սկզբունքների և գլոբալ, «ընդհանուր» արժեքների միջև երկընտրանքի և հակասության առաջ: Թե ինչպիսին կլինի աշխարհը հետկորոնավիրուսյան ժամանակներում, դժվար է կանխորոշել: Սակայն մի բան հստակ է՝ գլոբալ և միջազգայնացված աշխարհը այլևս երբեք նույնը չի լինի: Պետք է մտածել ոչ միայն այսօրվա հիմնախնդիրը՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին, այլ նաև երկարաժամկետ ծրագրերով պատրաստվելով հետագա ճգնաժամերին՝ զարգացնելով և ամրապնդելով անկախ պետական համակարգերը և ազգային ինքնիշխանությունը:

Հեղինակ` Միլենա Մկրտչյան

Կովկասի ինստիտուտի կողմից ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսակաան կցությամբ իրականացված «Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը» առցանց դասընթացի մասնակից:

Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Կովկասի ինստիտուտի և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիրքորոշման հետ։

Posts created 45

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.