ԺԱՆՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ. ՄԱՅՐԻԿ

Ստեփանակերտ, ամառ, շոգ։ Սպասում եմ ավտոբուսի: Տեսնում եմ, թե ինչպես է մի կին մոտենում կանգառին, ձեռքին` ծանր պայուսակներ: Հարցնում է, թե ավտոբուսին երկա՞ր է սպասելու: Պատասխանեցի, որ այդ համարի ավտոբուսը գալիս է ամեն 20 րոպեն մեկ: Նա հոգնած տեսք ուներ, դեմքն ու ձեռքերը արևից այրված էին ու կոպտացած: Դնելով պայուսակները գետնին՝ նա ինձ այնպես նայեց, կարծես էլի ինչ-որ բան էր ուզում հարցնել, բայց չգիտեր, թե ինչ։ Ես նրան օգնեցի:

– Դուք այնքան հոգնած տեսք ունեք, հեռվի՞ց եք եկել:

Նա շունչ քաշեց, ժպտաց և սկսեց պատմել։ Լինելով բնիկ ստեփանակերտցի՝ ամբողջ կյանքն ամուսնու հետ աշխատել է Ղարաբաղի «Մետաքսի կոմբինատ»-ում: Պատերազմից հետո աշխատանք չկար, և նրանք որոշեցին զբաղվել գյուղատնտեսությամբ: Այդ ժամանակից ի վեր այդպես էլ ապրում են գրեթե լքված գյուղում, մեծ հողատարածք են վերցրել, աճեցնում են այն ամենը, ինչ ծիլ է տալիս: Երկու տղա ունեն, երկուսն էլ՝ զինվորական: Նրանք ամբողջ ժամանակը անցկացնում են դիրքերում, տանը գրեթե չեն լինում: Որդիներից մեկը դեռ շատ փոքր երեխաներ ունի, կինը չի կարող աշխատել: Իսկ մյուս որդու կինը հիվանդ է, արդեն որերորդ տարին է, ինչ բուժվում է, իսկ բուժման համար մեծ գումար է անհրաժեշտ: Չնայած երեխաները ավելի մեծ են, մեկ է՝ նրանց պետք է հետևել:

Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել։ Հիմա ամենաթեժ պահն է, երբ պետք է մաքրազատել, ջրել, ինչ-որ բան արդեն հավաքել: Առանց կնոջ՝ ծերունին դժվարանում է անել այդ ամենը, չէ՞ որ արդեն երիտասարդ չէ: Նա 70-ն անց է, իսկ կինը ՝ դեռ չի բոլորել 70-ը:

Ես հայածք գցեցի նրա պայուսակների վրա: Որքա՞ն այսպիսի պայուսակ պետք է կրի այս ծեր կինը 2 ընտանիքի համար:

– Ձեր որդիները երբ գալիս են, նրանք էլ երբեմն կարող են օգնել:

Կինը շտապեց՝ չթողնելով անգամ հարցս ավարտեմ:

– Օգնում են, օգնում են, իհարկե… բայց դու երևի հասկանում ես, որտեղ են նրանք, ինչ դժվար է իրենց համար: Տուն գալիս են մի քանի օրով, և՛ տան գործերով պետք է զբաղվեն, և՛ կնոջն ու երեխաներին ժամանակ հատկացնեն: Ինչու՞ եմ քեզ այդ ամենն ասում, ինքդ էլ ամեն ինչ գիտես:

Ավտոբուսը մոտեցավ: Մենք շարունակում էինք զրուցել, ավելի ճիշտ, նա խոսում էր, իսկ ես՝ լսում: Նա ինձանից շուտ էր դուրս գալիս և մեկնելով գումարը վարորդին՝ դիմեց ինձ․

– Ես քո տեղը վճարեցի, շատ շնորհակալ եմ:

Ես նույնսիկ չհասցրեցի առարկել: Կինը մայրաբար ձեռքը դրեց ուսիս և դուրս եկավ ՝ մի կերպ կրելով ծանր պայուսակները:

Ես գնում էի և մտածում, թե ինչու՞ այս կինը վճարեց ինձ համար, բայց ամենից շատ ես մտածում էի, թե կա՞ արդյոք աշխարհում հուշարձան ծնողների համար: Ոչ թե գերեզմանաքար, այլ հենց իսկական հուշարձան:

Հեղինակ՝ Ժաննա Կրիկորովա, «Бродячая собака» թատերական խմբի ղեկավար

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.