«ՇՈՒՆՉ»-Ն` ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ

Ես Գուրգենն եմ` արցախցի օպերային երգիչ։ Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, սակայն դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը։ Առաջին իսկ կուրսից գիտակցել եմ, որ համալսարանն ավարտելուց հետո մեկնելու եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` երազանքս իրականություն դարձնելու։

Ինչպես ասել է ֆրանսիացի կոմպոզիտոր Շառլ Գունոն, «Արվեստը դա սիրտ է, որը ընդունակ է մտածել», և այդ սիրտը 2014 թվականին ինձ մղել է ընդունվելու կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը։ Այդ պահից սկսվել է իմ խենթ և մոլոր կյանքն արվեստի խճուղիներում։

Կոնսերվատորիայում սովորելու տարիներին հաճախ էի լսում, որ արցախցի երիտասարդներն աչքի են ընկնում հարուստ ձայնային տվյալներով, և վերադառնալով Արցախ՝ որոշել եմ պարզել` դա ճի՞շտ է, թե՞ ոչ։)

Շրջելով տարբեր քաղաքներով և գյուղերով` հասկացել եմ, որ արցախցի երիտասարդներն իսկապես օժտված են հիասքանչ ձայներով։ Այդ ոգևորությունն ինձ մղել է Արցախում հիմնել ձայնի պահպանման դպրոց, որն անվանել եմ «Շունչ»։ Պետք է ասեմ, որ դպրոցի հիմքում ընկած են հին իտալական երգեցողության գաղտնիքները, որոնք բացահայտել եմ՝ մասնակցելով մի շարք եվրոպական վարպետաց դասերի։ Կենտրոնի հիմնումը դրական արձագանք է գտել Արցախում։ Այն մեծ ոգևորվածություն է առաջացրել թե՛ երիտասարդների, և թե՛ մեծահասակների շրջանում։ Այժմ ունենք ուսանողներ տարբեր քաղաքներից և գյուղերից՝  Ասկերան, Մարտունի, Սոս, Բերդաշեն, Սարգսաշեն և այլն։

Կենտրոնում գործում է նաև բանավոր խոսքի դասընթացների խմբակ՝ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ելույթ են ունենում մեծ լսարանների առջև, ում մասնագիտության բերումով անհրաժեշտ է մշակված ձայն։

Առաջիկայում  կենտրոնը նախատեսում է Արցախի բոլոր շրջաններում հանդես գալ  «Հանուն մշակույթի զարգացման» վարպետաց դասերի շարքով։ Ծրագրի նպատակն է ոգեշնչել երիտասարդներին և հիմք ստեղծել նրանց հետագա ստեղծագործական գործունեության համար, ինչպես նաև մշակութային ակտիվություն առաջացնել Արցախի շրջաններում, տարածել մշակութային դաստիարակություն, ծանոթացնել երեխաներին հայ և արտասահմանյան մեծանուն արվեստագետների գործունեության հետ։

Հեղինակ` Գուրգեն Բաղդասարյան, Արցախի «Շունչ» ձայնի պահպանման դպրոցի հիմնադիր

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.