ԻՐԻՆԱ ՍԱՖԱՐՅԱՆ. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԻՔԻԱԿՈՒՄԲԸ ԴԱՐՁԱՎ ԻՄ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՎԱՌ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Ստեփանակերտի Վիքիակումբի գաղափարը ծագեց 2015 թվականին, երբ Վիքիմեդիա Հայաստան ԳԿ ՀԿ որոշեց վիքիակումբներ ունենալ նաև Արցախում: Այդ ժամանակ ես ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող էի, ավարտում էի մագիստրոսական ծրագիրս և միաժամանակ հոդվածներ խմբագրում հայերեն Վիքիպեդիայում: Վիքիմեդիա Հայաստան ԳԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն, իմանալով իմ մասին, առաջարկեց ակումբ բացել Արցախում` Ստեփանակերտում, և լինել դրա համակարգողը:

Առհասարակ ինչ-որ նոր բան սկսելիս միշտ դժվարությունների ես հանդիպում, իսկ այս պարագայում դժվարությունները կրկնակի էին, քանի որ պետք է ունենայինք մի բան, որը նոր է, համակարգողը, կարելի է ասել, անփորձ և ոչ բոլորին հայտնի նոր ավարտած ուսանողուհի, աշխատանքն էլ պետք է կատարվեր կամավորական հիմունքներով (աշխարհում բոլոր վիքիպեդիստները կամավորներ են): Բնականաբար, սկզբում շատ խոչընդոտներ եղան տեխնիկական հարցերի տեսքով, սակայն, եթե մտադրվում ես մի բան անել, այն էլ ամենայն պատասխանատվությամբ մոտենալով տվյալ գործին, ապա, կարծում եմ, որ ոչ մի բան խոչընդոտ լինել չի կարող, իմ դեպքում դա այդպես է համենայնդեպս:

Եվ այսպես, սկզբում սկսեցի մարդկանց ներկայացնել Վիքիմեդիայի և Վիքիպեդիայի տարբերությունը. առաջինը կազմակերպությունն է, երկրորդը՝ նախագիծ, որն իրականացվում է այդ կազմակերպության կողմից: Հետո սկսեցի սեփական փորձով ապացուցել, թե ինչքան կարևոր է հոդված խմբագրել հայերեն Վիքիպեդիայում, հատկապես, եթե այդ հոդվածները վերաբերում են Արցախին: Այդպիսով, հանդիպեցի և ծանոթացա շատ վառ և եռանդուն անհատների, որոնց շնորհիվ սկսեցինք աշխատել, և արդյունքում այսօր Արցախում ունենք 3 գործող վիքիակումբ, ավելի քան 260 վիքիխմբագիր և 3000 հոդվածներ հայերեն Վիքիպեդիայում, որոնց գերակշիռ մասը հենց Արցախի մասին է, 2 Վիքիմանիա (վիքիպեդիստների համաշխարհային ժողով), որտեղ 2-րդ տարին անընդմեջ Արցախը ներկայացվում է հավուր պատշաճի, և Արցախի ձայնը լսելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր ժողովուրդների համար:

Այս ընթացքում ծանոթացա Վիքիպեդիայի համահիմնադիր Ջիմի Ուելսի հետ, ում նվիրեցի Արցախի մասին պատմող գիրք և փայտե Տատիկ-Պապիկ արձան: Ջ. Ուելսը բավականին տեղեկացված է Արցախի մասին, հատկապես Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան բողոքի նոտայից հետո, երբ վերջինը դժգոհություն էր արտահայտել Վիքիմեդիա Շվեդիային իմ՝ որպես Արցախի Հանրապետության ներկայացուցչի, Ստոկհոլմում կայանալիք Վիքիմանիա 2019-ին մասնակցության կապակցությամբ: Այդ միջադեպը ոչ միայն չվնասեց, այլև օգնեց թե ինձ, թե մեր ակումբին ավելի շատ ուշադրության կենտրոնում լինել և ավելի շատ արծարծել Արցախ անունը ավելի քան 900 մասնակից ունեցող Վիքիմանիայի շրջանակներում:

Ինչ վերաբերում է շրջապատի վերաբերմունքին, սկզբում մի փոքր անվստահություն էի նկատում հատկապես տարիքով մարդկանց մոտ, քանի որ բոլորս գիտենք, որ ինչ-որ մի բանի ղեկավար լինելը երիտասարդ տարիքում թերահավատություն է առաջացնում, առաջին հերթին՝ խորհրդային կարգերին հարմարված մարդկանց մոտ: Բայց հետո ամեն ինչ տեղն ընկավ, քանի որ աշխատանքի և նվիրվածության շնորհիվ ապացուցեցի, որ տարիքը պայմանական թիվ է, որը ոչ մի կերպ չի կարող վկայել անհատի ունակությունների և կարողությունների մասին: Հատկապես, երբ արդեն պետությունն ամենաբարձր մակարդակով հովանի է կանգնում քո աշխատանքին, ավելի մեծ եռանդով ես սկսում աշխատել ու վստահ լինել կատարած գործիդ:

Վերջերս Ստեփանակերտի վիքիակումբի 4-ամյակի կապակցությամբ հանդիպեցինք ԱՀ նախագահ պրն Բակո Սահակյանին և ԱՀ Գիտության, կրթության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանի հետ, ներկայացրեցինք մեր ակումբի կողմից իրականացված աշխատանքը, ինչպես նաև ապագա ծրագրերը:

Ստեփանակերտի վիքիակումբը դարձավ իմ կյանքի ամենավառ գլուխներից մեկը, իսկ վիքիակումբի խմբագիրները, կամ ինչպես ես եմ միշտ սիրում ասել` իմ երեխաները՝ երբևէ հանդիպած ամենախելացի, ամենապայծառ և ամենակրեատիվ մարդիկ: Վստահաբար կարող եմ ասել, որ Արցախը (Հայաստանը) ունի շատ վառ ապագա ի դեմս նրանց:

Հեղինակ` Իրինա Սաֆարյան, Վիքիմեդիա Հայաստանի Ստեփանակերտի Վիքիակումբի համահիմնադիր և համակարգող

Լեռնային Ղարաբաղում երիտասարդ կանանց հասարակական և քաղաքական գործունեության հետ կապված գրառումները պատրաստվել են «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Արմավիրր զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.