ԵՍ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՍԻՐԱՀԱՐՎԵՑԻ

Ղարաբաղն ինձ համար Հադրութի շրջանն է, որտեղ ծնվել է մայրական կողմից տատս, Շուշին է, որտեղ մկրտվել եմ, Ստեփանակերտն է, որն այցելել եմ անթիվ անգամ: Գանձասարն է, որտեղ ծառայում էր մոտ ընկերս՝ տեր Գրիգորը…, և գյուղը, որը գտնվում է միջնադարյան Դադիվանք վանքի մոտ: Եվ դժվար չէ կռահել, որ այն ևս կոչվում է Դադիվանք:

Այն տեղակայված է բավականին տարօրինակ վայրում: Տեսեք. դե-ֆակտո, այն գտնվում է Արցախի, ինչպես ներկայում կոչվում է ԼՂՀ-ն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Շահումյանի շրջանում: Դե-յուրե Դադիվանքն Ադրբեջանի Քելբաջարի շրջանի կազմում է: Իսկ տեղի բնակիչներն ասում են, որ ապրում են Հայաստանում:

Դեռևս մի քանի տարի առաջ վանքի ճանապարհի ցուցանշանն այսպիսի տեսք ուներ: Այժմ դրա փոխարեն նոր, շքեղ և փայլուն ցուցանշան է տեղադրվել:

Այս վայրին անհնար էր չսիրահարվել: Եւ ես անմիջապես սիրահարվեցի: Դա սեր էր առաջին իսկ հայացքից՝ անբացատրելի, ինքնամոռաց, որից դողում են ծնկներդ և չես կարողանում շունչ քաշել: Այդպես սիրահարվում են դեռահասները:

2016թ. ամռանն էր: Մենք շարժվում էինք ոլորապտույտ կիրճով: Ճանապարհն անցնում էր Թարթառ վարարուն գետին զուգընթաց: Ճանապարհի երկու կողմերում վեր էին խոյանում 100-150 մետր բարձրացող դեղնամոխրագույն մերկ ուղղաբերձ ժայռերով լեռները: Ժայռերը երևում էին զմրուխտե անտառի միջից, որը ձգվում էր վեր գրեթե ուղղաձիգ լանջերով: Խորը ստվերները, որոնք նույնպես կանաչ էին, անցնում էին ծառերի գագաթներով, դարձնելով անտառը գանգրահեր տղայի գլխի նման:

Կիրճի անվրդով պատկերը խախտում էին էլեկտրահաղորդման լարերի՝ ճանապարհի երկայնքով պարբերաբար երևան եկող մետաղական սյուները՝ մերթ ժանգոտ, դեռևս խորհրդային ժամանակներից մնացած, մերթ փայլող, բոլորովին վերջերս՝ նոր իշխանությունների օրոք տեղադրված նորերը: Ճանապարհը, որ այն ժամանակ դեռ ասֆալտապատ չէր, քարքարոտ ու փոշոտ էր:

Հասնելով գյուղ՝ մենք թեքվեցինք աջ և, անցնելով մոտ մեկ կիլոմետր, կանգ առանք: Հեռվում երևում էին Դադիվանք միջնադարյան վանական համալիրի կարմրավուն գմբեթները: Արևով լուսավորված՝ նրանք անտառի կանաչի և սարի հետևից երևացող երկնակամարի կապույտի ֆոնին առանձնանում էին իրենց երկրաչափական կառուցվածքով:

Մինչ այդ ես երբեք Դադիվանքում չէի եղել: Երևի հենց այդ պատճառով է, որ անմիջապես սիրահարվեցի այդ լեռներին, ժայռերին, անտառներին և միջնադարյան վանական ճարտարապետության նրբատաշ ուրվագծերին: Եվ անընդատ աճում էր այն զգացողությունն ու գիտակցումը, որ ես պետք է վերադառնամ այստեղ և որքան հնարավոր է շուտ:

Չհասցրեցինք հեռանալ գյուղից, երբ ես զանգահարեցի Արցախի արքեպիսկոպոս Պարգևին, ում հետ մենք բազմամյա ընկերներ ենք:

-Եթե Դադիվանքից հինգ կիլոմետր շառավղով գեթ մեկ ցնցուղ կա, ապա ես կգամ այստեղ հանգստանալու,- ասացի ես բարևի փոխարեն:

-Ի՞նչիդ է պետք ցնցուղը,-բացականչեց Պարգևը,- գետում կլողանաս:

Իսկ ես արդեն սկսեցի պատկերացնել, թե ինչպես ուշ երեկոյան գնում եմ գետի մոտ լողանալու…և հասկացա, որ այս տեսարանը ոչ մի կերպ չի ազդում Դադիվանք գալու իմ որոշման վրա: Այնպես որ մեկ շաբաթ անց արդեն մտնում էի վանքի հարևանությամբ տեղակայված գյուղի տներից մեկը: Տանտիկինը՝ Սոնիկը, համաձայնվեց ինձ մի քանի շաբաթով վարձակալությամբ սենյակ տրամադրել:

Եվ թեկուզ սենյակը միջանցիկ էր, ես երջանիկ էի, նաև այն պատճառով, որ Սոնիկի տանը ցնցուղ կար: Ճիշտ է, մնացած բոլոր «հարմարությունները» դրսում էին, բայց այդ մանրուքներն ինձ գրեթե չէին էլ անհանգստացնում: Լավ կլիներ եթե դրսի զուգարանը նաև դուռ ունենար…բայց դա արդեն չափից դուրս կլիներ: Ես հասկանում եմ:

Ես Դադիվանքում ապրեցի տաս անմոռանալի օր: Եւ դրանք հիասքանչ օրեր էին: Արթնանում էի գյուղական չափանիշներով բավականին ուշ՝ առավոտյան յոթին: Գյուղն այդ ժամանակ արդեն ապրում էր իր բնականոն կյանքով: Իսկ ես, ինչպես իսկական հանգստացող և դատարկապորտ, արթնանալուն պես գնում էի վանք:

Ես նստում էի քարին՝ վանքի բակում և հետևում, ինչպես է լեռան հետևից ծագում արևը: Առավոտյան ստվերը դանդաղ սողում էր պատի վրայով, որին արևի հայտնվելուն պես պարզորոշ արտահայտվում էի միջնադարյան գրություններն ու գեղեցիկ խաչերը՝ փորագրված հանուն մի քանի դար առաջ տված ուխտերն ի կատար ածելու: Որքան արևը վեր էր բարձրանում, այնքան ավելի արտահայտիչ էին դառնում ռելիեֆները, բայց պատերի վրա հայտնվում էին մողեսները: Ես պետք է անշարժ նստեի, որպեսզի նրանք իրենց ապահով զգային և դուրս գային տաքանալու առավոտյան արևի տակ: Իսկ երբ ձանձրանում էի և տեղիցս վեր կենում, մողեսներն անմիջապես անհետանում էին գրեթե անտեսանելի ճեղքերում:

Վանքի առաջին շինությունը (գուցե և պատմականորեն ոչ առաջին, բայց մեզ հասածներից հաստատ առաջինը) փոքր բազիլիկ էր, կառուցված Սուրբ Դադիի գերեզմանին, որն, ըստ ավանդույթի, եղել է Թադևոս առաքյալի աշակերտը: Միջնադարում վանքը կրոնական խոշոր կենտրոն էր: Սակայն XVII դարից սկսվում է նրա անկման շրջանը: Վանքը կորցնում է իր տիրույթները, հարևան գյուղերի բնակչությունը քշում-տանում են Պարսկաստան…Իսկ XIX դարում Դադիվանքն ամայացավ: Ասում են, որ այնտեղ ապրում էին ավազակները, որոնք հարձակվում էին Սևանա լճից դեպի Շուշի և հակառակ ուղղությամբ ուղևորվող ճանապարհորդների վրա:

Հետո գյուղը բնակեցրին ադրբեջանցիներով: Խորհրդային միության տարիներին նրանք վանքում ոչխարներ էին պահում:

Դրա հետքերն այժմ գրեթե չեն երևում, բայց մի քանի տարի առաջ վանքի տնտեսական կառույցներում դեռևս հստակ երևում էին գոմի հետքերը: Կային նաև կրակի հետքեր՝ այն հրդեհի, որը ոչնչացրել էր այդ փարախը:

Բայց բավական է խոսել պատմությունից: Ավարտելով առավոտյան  ճամփորդությունս դեպի վանք (որն, ի դեպ, այժմ հայտնի ուխտավայր է դարձել), ես վերադառնում էի գյուղ, որտեղ Սոնիկն ինձ նախաճաշ էր հյուրասիրում:

Գյուղում, որը միջնադարում կոչվում էր Խութ, իսկ ներկայում, ինչպես արդեն ասացի, Դադիվանք, 28 տուն կա: Եվ բոլորը բնակեցված են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից գաղթած փախստականներով:

Մինչև պատերազմը Սոնիկը (նրա ազգանունը Դանիելյան է) ապրում էր Ադրբեջանի Իսմայիլի շրջանում, որը գտնվում է հանրապետության կենտրոնական մասում:

«Ես փախել եմ հինգ փոքր երեխաներիս հետ: Ցերեկները թաքնվում էինք անտառներում, շարժվում էինք գիշերները, մինչև որ հասանք Ղարաբաղ»,-պատմում էր նա ինձ, իր այգում՝ մաշված սփռոցով սեղանի շուրջ նստած: Նրա որդիներից մեկը մահացել է պատերազմի ժամանակ ստացված վերքերից, Դադիվանքում նրա հետ մնացել են երեք տղաները և աղջիկը՝ Վալյան, ով ինքն էլ արդեն տատիկ է:

Սոնիկը լավ գյուղացի է: Ինքն է իր համար հաց թխում, իսկ սնվում է հիմնականում իր աճեցրած բանջարեղենով և արմատապտուղներով: Միս ուտում են այն ժամանակ, երբ հարևաններից մեկը որոշում է մորթել կովերից կամ խոզերից մեկին: Երբեմն գյուղ է գալիս լոլիկ, սմբուկ կամ ձմերուկ վաճառող մեքենա: Եւ եթե տեղի խանութում մթերքը տալիս են պարտքով, ապա այս դեպքում պետք է վճարել կանխիկ դրամով:

Սոնիկն ինքը մի քանի կով ունի: Նրանցից մեկի անունը Ագնեշկա է. «Լեհ աղջկա պատվին է, որն ապրում էր մեր տանը, երբ կովը ծնվեց»,-ասում է Սոնիկը, իսկ ես չգիտեմ. հավատա՞լ նրան, թե՞ ոչ: Բայց մականունը, հատկապես ղարաբաղյան խուլ գյուղում, ինձ դուր է գալիս:

Սոնիկն, իհարկե, աղքատ է ապրում: Բայց նա կարողանում և սիրում է աշխատել:  Նա սիրում է իր երեխաներին, թոռներին և ծոռներին: Այո, ծոռներին: Թեև նա ընդամենը 60 տարեկան է, արդեն երկու ծոռ ունի և շուտով կծնվի երրորդը: Սակայն նայելով նրան, լսելով, թե ինչպես է նա պատմում իր կյանքի մասին, ինչպես է ծրագրում իր կենցաղի բարելավումը, չեմ կարողանում չմտածել այն մասին, որ պատերազմի ողբերգությունը Սոնիկի համար դարձել է հարազատների և ծանր աշխատանքով ձեռք բերված ունեցվածքի կորտսի պատճառ: Բայց ողբերգականությունն ավելի ակնհայտ է դառնում, երբ հասկանում ես, որ նրանք հիմա ապրում են այն տներում, որոնք լքել են իրենց պես փախստական դարձած ադրբեջանցիները: Եւ Թարթառ գետի կիրճում դեռ կան կիսավեր լքված տներ: Այնտեղ, երևի, էլ ոչ ոք չի կարողանա ապրել, քանի որ դրանք լքվել են արդեն ավելի քան 25 տարի առաջ:

Սոնիկի թոռնուհին՝ զարմանահրաշ աչքերով աղջիկը:

Բայց Դադիվանքի բնակինչներն անընդհատ և մի տեսակ շատ խորն են զգում իրենց անպաշտպանությունը: Նրանք հավատում են Հայաստանի նոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, հավատում են սահմանը պաշտպանող բանակի հզորությանը, բայց վախենում են, որ Փաշինյանը չի կարողանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել խաղաղության մասին, իսկ դա նշանակում է, որ նրանց գլխին դեռևս կախված է կրկին փախստական դառնալու վտանգը:

Իսկ նրանք այնքա՜ն կարոտ են խաղաղությանն ու հանգստությանը:

Հեղինակ՝ Մարկ Գրիգորյան, Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն (12.06.2017-01.01.2018)

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.