ԸՆԿԱԼՎՈՒ՞Մ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԿԱՆԱՅՔ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Արցախում քաղաքականություն մուտք գործելու ճանապարհը երիտասարդ կանանց համար դյուրին չես անվանի։ Երբեմն խոչընդոտները հիշեցնում են հեքիաթների հայտնի վիշապին, որի ամեն կտրած գլխի տեղ երկու նորն է աճում։ Եվ այստեղ դժվարությունները պայմանավորված չեն ոչ կրթությամբ, ոչ մասնագիտական պատրաստվածությամբ, ոչ էլ, առավել ևս, ցանկությամբ. դրանք հիմնականում գտնվում են ընկալումների տիրույթում։

Աշխատանքի բերումով շատ եմ հանդիպում դեպքերի, երբ անընդհատ պետք է պայքարել, ապացուցել, որ կանանց բնութագրող զբաղմունքներին տիրապետելուն զուգահեռ նույն հաջողությամբ կարող ես բացատրել կանխարգելիչ պատերազմների տեսակները։ Ի դեպ, ուզում եմ ընդգծել, որ հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպային ընկալումները բնութագրական են տղամարդկանց ու կանանց գրեթե հավասարաչափ, ուստի արդարացի չէ ամենը վերագրել միայն տղամարդկանց։

Կովկասի ինստիտուտի բլոգի ընթերցողների հետ կկիսվեմ նման կարծատիպերով համեմված և վերջերս ինձ հետ պատահած մի պատմությամբ:

Ազգային ժողովի նախագահի աշխատակազմում իսպանահայ փորձնակ ունեինք, ով բավականին արագ ինտեգրվեց արցախյան միջավայրին։ Նա կանանց կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերից մեկում ներգրավված երիտասարդ կանանց պատմում է իմ աշխատանքի ու նախաձեռնությունների մասին և առաջարկում ծանոթանալ: Այնպես է ստացվում, որ հաջորդ օրը հանդիպում ենք: Երբ ծանոթանում ենք, առաջին արձագանքը, որ լսում եմ, մոտավորապես հետևյալն էր. «Վայ, Անուշը Դու՞ք եք: Լևոնը երեկ այնպես էր պատմել Ձեր աշխատանքի ու նախաձեռնությունների մասին, որ մենք Ձեզ կրկնակի տարիքի ու չափերի էինք պատկերացնում»:

Իհարկե, միշտ չի ստացվում նման դեպքերին մոտենալ հումորով, բայց սկզբունքայնության ու կամային հատկանիշների շնորհիվ ժամանակի ընթացքում հարմարվում ու իմունիտետ ես ձեռք բերում կարծրատիպերի, բամբասանքների և ոչ այնքան հաճելի այլ երևույթների հանդեպ։ Չնայած, միայն դա բավարար չէ. կինը ստիպված է աշխատել ավելի շատ, լինել բազմակողմանի զարգացած ու տիրապետել խորը գիտելիքների, որպեսզի կարողանա մրցակցել տղամարդու հետ։ Մի խոսքով, պետք է էականորեն առանձնանա տղամարդու ֆոնին, որպեսզի հավակնի մի պաշտոնի, որի համար տղամարդը ավելի քիչ ջանք կթափեր։ Ուստի, համոզված եղեք, որ քաղաքականության մեջ կամ բիզնեսում հաջողության հասած կանայք հիմնականում ավելի բանիմաց ու կիրթ են լինում, քան համանման իրավիճակում գտնվող տղամարդիկ, քանի որ հենց կանայք խնդիր ունեին ապացուցելու տվյալ ոլորտում ունեցած իրենց գիտելիքներն ու ավելի շատ աշխատեին ինքնազարգանալու ուղղությամբ։

Այս ամենով հանդերձ, պետք է ուղղակի չմոռանալ, որ քաղաքականությունը հրապարակային զբաղմունք է, որտեղ քննարկման առարկա են ոչ միայն մասնագիտական պատրաստվածությունը, գիտելիքներն ու փորձը, այլև՝ արտաքին տեսքը, հագուկապը, ընտանիքը, ընկերները, շրջապատը: Սա պարզ իրողություն է գրեթե բոլոր երկրներում՝ անկախ ժողովրդավարական զարգացման աստիճանից։

Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում վերաբերմունքը կփոխվի, իսկ դրան հասնելու համար ավելի շատ կանայք պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ:

Հեղինակ՝ Անուշ Ղավալյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Լեռնային Ղարաբաղում երիտասարդ կանանց հասարակական և քաղաքական գործունեության հետ կապված գրառումները պատրաստվել են «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Արմավիրր զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.