ԺԱՆՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ. ՀԵՆՑ ԱՅԴ ՄԱՐԴԸ

Ստեփանակերտ, մայիս՝ 1994թ։ Մի քանի օր է, ինչ հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել։ Ամբողջ օրն աշխատում էի․ հարցազրույցներ, ռեպորտաժներ։ Երեկոյան ընկերներիս հետ որոշեցինք մի տեղ ընթրել։ Ընտրեցինք վերջերս բացված մի «օբյեկտ» (այլ կերպ չես կարող անվանելսրճարանի, ռեստորանի ու ճաշարանի միջև ինչ-որ միջին բան), և արդեն իսկ ուրախալի էր, որ նմանատիպ տեղեր են սկսել բացվել։ Սրահում հաստ խոհանոցային ծածկոցներով մի քանի սեղան կար։ Սեղաններից մեկի մոտ նստած էին մի խումբ զինվորականներ և իրենց հետ՝ երիտասարդ հաճելի մի կին։ Նա, կարծես, բացարձակ չէր տեղավորվում բեղերով և մորուքներով համազգեստավորների խմբում։ Նրա մեջ չկար այնպիսի բան, որի հիման վրա նրան կարելի էր որակել որպես «մարտական ընկերուհի», և առավել ևս, որևէ մեկի կինը նա հաստատ չէր կարող լինել (Ղարաբաղում կանայք ամուսինների ընկերներին ընդունում են տանը և տղամարդկանց շրջապատում սեղան չեն նստում)։

Իմ մտորումներն ընդհատեց ծանոթ մի ձայն․ «Ժաննա՛, բարև՜»։ Սեղանի մոտից ինձ մի տղամարդ էր մոտենում, ում ես սկզբում չճանաչեցի։ Պարզվեց՝ իմ հին, բավականին մոտ ընկերն է, ում ճանաչում էի դեռ մինչև պատերազմը։ Մենք զրույցի բռնվեցինք այն մասին, թե ընդհանուր ընկերներից ով որտեղ է, ով է ողջ, ով՝ ոչ, ընտանիքներից․․․Ես համարձակվեցի հարցնել այն կնոջ մասին, ով նստած էր իրենց սեղանի մոտ։ Նա պատասխանեց․ «Ես քեզ մի պատմություն կպատմեմ, բայց մի պայմանով ՝ դու դրանից լրագրողական նյութ չես պատրաստի»: Ես, իհարկե, համաձայնեցի, և նա պատմեց։

«Պատրաստվում էինք հերթական մարտական օպերացիային։ Մեր ստորաբաժանումը բաժանել էին 5-7 հոգանոց մի քանի խմբի։ Յուրաքանչյուր խումբ գնում էր իր հստակ երթուղով, որի արդյունքում X բնակավայրը պետք է շրջապատվեր և ազատագրվեր։ Չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց այն խումբը, որում ես էի, շեղվեց երթուղուց, կամ էլ ինչ-որ տվյալներ հաշվի չառանք, ու հանկարծ հասկացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ։ Բոլոր կողմերից ադրբեջանական խոսք էր լսվում։ Հասկանալի դարձավ. ո՛չ առաջ, ո՛չ հետ շարժվել հնարավոր չէ։ Մնում էր միայն ընդհատակ անցնել, թաքնվել։ Մեր կողքին հայտնաբերեցինք քարերի կույտ, և ինչ-որ նոսր անտառ, բայց դա ավելի լավ էր, քան բաց տարածությունը։ Նստել ու լռում ենք։ Այնպիսի զգացողություն է, որ ուր որ է բացահայտելու են և, եթե կրակեն, դա դեռ այդքան էլ վատ չէ, իսկ եթե գերի՞ վերցնեն։ Չի կարելի գերի ընկնել։ Հրամանատարն ասում է, որ փրկության հույս ունենալը ծիծաղելի է. կա՛մ կռիվ ենք տալիս մինչև վերջին փամփուշտը, կա՛մ էլ հայտնաբերվելու դեպքում ինքնասպան լինում։ Եվ ավելացնում․ «Պետք է հարազատներին հրաժեշտ տալ, ներողություն խնդրել, դրա համար եկեք լռենք, ամեն մեկն մտքում թող ամեն ինչ ասի»։

Մոտ 3 րոպե բոլորը լռել էին, նույնիսկ իրար վրա չէին նայում, մեկ էլ հանկարծ տղաներից մեկն ասաց․ «Ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը։ Սա պատերազմ է։ Մեր մայրերն ու կանայք գիտեն, որ մենք կարող ենք չվերադառնալ։ Վաղուց ամեն ինչ ասված է։ Ես ուրիշ բանի համար եմ ափսոսում։ Մի ընկերուհի ունեի, յուրահատուկ, բոլորից տարբերվող, բայց նա իմը չդարձավ։ Ահա, նստած մտածում եմ, որ հիմա կմեռնեմ, բայց նա այդպես էլ իմը չդարձավ: Այնքան տարբեր կանայք եղան, հետո ամուսնացա, նորից տարբեր կանայք, իսկ ես գժվում եմ, երբ մտածում եմ կմեռնեմ՝ առանց իր հետ լինելու»։

Սկզբում, երբ նա խոսում էր, բոլորն ուշադրությամբ լսում էին, հետո սկսեցին հռհռալ։ Տղաները կրկչում էին, տարբեր արտահայտություններ անում, օրինակ՝ «ինչ անուղղելի կնամոլ ես», «ով ինչի մասին կխոսա, իսկ ինքը՝ կանանց»։ Մենք այդ պահին, կարծես, մոռացանք, թե որտեղ ենք գտնվում, ինչ է մեզ սպասում և հանկարծ լսեցինք, որ ինչ-որ մեկը հայերեն գոռում է․ «Տղե՛րք, որտե՞ղ եք»:

Մենք այնպես սկսեցինք ծիծաղել, որ երևի մեր ձայնը լսվում էր մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Դե իսկ մարտից հետո ես մոտեցա այդ տղային և ասացի․ «Եթե այնպես ստացվի, որ երկուսս էլ ողջ մնանք այս պատերազմում, և մի օր ես տեսնեմ քեզ այդ աղջկա հետ, դու ինձ ուղղակի ասա, որ դա «հենց այդ մարդն է»: Ես նրա համար սեղան կգցեմ ու կկանչեմ բոլոր այն տղերքին, ով այսօր մեզ հետ էր»։

Ահա այսօր այդ օրն է, իսկ ինքը «հենց այդ մարդն է»։

Հեղինակ՝ Ժաննա Կրիկորովա, «Бродячая собака» թատերական խմբի ղեկավար

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.