ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՅԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐ, ՍԱԿԱՅՆ ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՐ – ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԹՎՈՒԴ

«Մինչ ես նկարագրում եմ, թե ինչպես է Հյուսիսայի Իռլանդիայում դրությունը վատացել վերջին ժամանակներում, չպետք է մոռանալ նաև, որ Հյուսիսային Իռլանդիան այժմ շատ ավելի լավ վայր է, քան եղել է երբևէ իմ ողջ կյանքի ընթացքում, ինչը մոտավորապես 60 տարի է։ Բռնության դադարեցումը, 1998թ․ ձեռք բերված քաղաքական համաձայնագիրը և բոլոր հնարավորությունները, որ առաջացան դրա արդյունքում հսկայական են, և որևէ բան չպետք է նվազեցնի նրա արժեքը, ինչին մենք հասել ենք որպես ժողովուրդ» ։

Հյուսիսային Իռլանդիայի փորձառու քաղաքական գործիչ Ալեքսանդր Աթվուդը, ով եղել է Հյուսիսային Իռլանդիայի շրջակա միջավայրի նախարար, այս խոսքերով սկսեց իր հանրային դասախոսությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ «Հյուսիսային Իռլանդիան Ավագ Ուրբաթ համաձայնագրից 20 տարի անց» թեմայով:

Հայաստան կատարած այցի ընթացքում ներկայացնելով իր երկրի փորձը, նա անկեղծորեն խոսեց ինչպես ձեռքբերումների, այնպես էլ թերությունների մասին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում Հյուսիսային Իռլանդիայի ժողովուրդն ու իշխանությունները ունեցել են 1998թ․-ին ձեռք բերված «Ավագ Ուրբաթ» համաձայնագրից ի վեր, որը վերջ դրեց իր հայրենիքում հակամարտության ռազմական փուլին:

Ալեքսանդր Աթվուդը Կովկասի ինստիտուտին տված հարցազրույցի ժամանակ (Նկարը՝ ԿԻ)

Խաղաղության գործընթացի հիմքը

Համայնքների դերը Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացում չի կարող թերագնահատվել։ Պրն․ Աթվուդը նրանց անվանում է այդ գործընթացի հիմնասյուն, քանզի թույլ չտվեցին, որ քաղաքացիական հակամարտությունը վերածվի քաղաքացիական պատերազմի։

«Նրանք Հյուսիսային Իռլանդիայի և իր քաղաքականության ակտիվ մասն են կազմում, և 1998թ․ մեծ քաղաքական համաձայնագրից հետո համայնքներն (բողոքականները և կաթոլիկները, ազգայնականները և ունիոնիստները, իռլանդացիներն ու բրիտանացիները) ավելի ու ավելի խորն են ներգրավվում երկխոսության մեջ և ստեղծում հաշտեցման ավելի շատ մակարդակներ»,- ասում  է Աթվուդը։

Այսպիսով, մարդիկ, ովքեր շատ ծանր ու դաժան փորձառություն են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, ուժ են գտնում միմյանց հետ հաղորդակցվելու համար։ Բայց մետաղադրամի մյուս կողմ այն է, որ համայնքները դեռ շարունակում են մնալ բաժանված։

 «Եթե դուք գնաք արևմտյան Բելֆասթ, որը մայրաքաղաքի մի մասն է այսօր, դուք կտեսնեք պատեր, որոնք բաժանում են երկու համայնքները։ Եվ այդ պատերը անփոփոխ են մնում արդեն 20 տարի․ դրանք խորհրդանշում ու պատմում են մեզ, որ դեռևս շատ անելիք կա հաշտեցման ու խաղաղության գործընթացում, որպեսզի մարդիկ ապրեն և աշխատեն միասին»։

 Հակամարտության բնույթը

Շատերը հավատում են, որ Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության հիմքը կրոնն էր, և որ դա բողոքական և կաթոլիկ քրիստոնյաների միջև դիմակայություն էր։ Այնուամենայնիվ, ըստ Ալեքս Աթվուդի, իրականությունն այլ էր։ Նա բացատրում է հակամարտության էությունը որպես երկու քաղաքական ինքնությունների հակասություն․  մի կողմից իռլանդացիները, ովքեր ցանկանում էին իռլանդական կղզու միավորումը, և ոչ բաժանումը, մյուս կողմից բրիտանացիները, ովքեր արժևորում էին Միացյալ Թագավորության հետ միությունը և հավատարիմ էին բրիտանական թագուհուն։

Հյուսիսիռլանդացի քաղաքական գործիչը խաղաղության համաձայնագրի բացառիկությունը տեսնում է հենց այս երկու քաղաքական ինքնությունների հաշտեցման մեջ։ «Այո՛, կային կրոնական երանգներ, բայց դրա էությունը քաղաքական էր», ամփոփում է Աթվուդն՝ ավելացնելով, որ այսօր շատ քիչ մարդիկ են գնում եկեղեցի մինչդեռ 30-40 տարի առաջ գրեթե բոլորն էին գնում։ «Մենք շատ ավելի աշխարհիկ ենք հիմա, բայց այնքան աշխարհիկ չենք, արքան պետք է լինեինք՝ որպես Եվրոպայի ծայրում գտնվող առաջադեմ հասարակություն»,- ասում է Աթվուդը։

Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը և իռլանդացի Տաոիսեչ Բերթի Ահերնը ստորագրում են Ավագ Ուրբաթ համաձայնագիրը (Նկարը՝ Press Association)

Լավատես տրամադրվածություն ապագայի հանդեպ

Այն հարցին, թե արդյո՞ք լավատեսորեն է տրամադրված Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերջնական լուծման նկատմամբ, քաղաքական գործիչը հիշեցնում է, որ եթե մարդկանց հարցնեին 1968, 1978 կամ 1988 թթ․-ին, թե հավատու՞մ են արդյոք, որ բռնությունը կավարտվի և կհաջողվի հասնել քաղաքական համաձայնության դարավոր հակամարտությունից հետո, նրանք կպատասխանեին «բացարձակապես ոչ»։ Այնուամենայնիվ, դա կատարվեց 1998թ․։

«Այո՛, մենք խնդիրներ ունենք Բելֆասթում և Հյուսիսային Իռլանդիայում։ Մենք 600 օր է ինչ կառավարություն չունենք։ Այնուամենայնիվ, կառավարության խաղաղաշինության և հաշտեցման ընդհանուր ծրագիրը, որը ծառայում է ժողովրդի կարիքներին, հանդիսանում է իռլանդական ժողովրդավարության նոր հենասյուն, և նույնիսկ այն պարագայում, որ այս պահին չկա կառավարություն, ես չեմ կարծում, որ մենք կնահանջենք իռլանդական ժողովրդավարության այդ հենարաններից»,- հավատացած է նա։

Ալեքսանդր Աթվուդի այցը Հայաստան 2018թ․ սեպտեմբերին կատարվել է “Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը ԼՂ հարցի խաղաղ կարգավորման մեջ” ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է Կովկասի ինստիտուտը՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Խոսնակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.