ՆԻԼ ՋԱՐՄԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1998 թ.-ին Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության հաստատումից հետո, երբ վերջ դրվեց տասնամյակներ տևած բռնությանը, հասարակությունը կանգնեց  այլ տեսակի մարտահրավերների առաջ: 1996 թվականից Բելֆաստում գործող Կոնֆլիկտների հետազոտության ինստիտուտի տնօրեն Նիլ Ջարմանը կարծում է, որ դրանց էությունը կայանում է պայմանագրի առանցքային ուղղությունների փաստացի իրագործման մեջ։

Նա վստահ է, որ դրանցից որոշներն, ինչպիսիք են ոստիկանական համակարգի բարեփոխումները կամ ապառազմականացումը, համեմատաբար հեշտ են կյանքի կոչվել: Մինչդեռ քաղաքական համակարգի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման գործընթացը  շատ ավելի բարդ էր:

«Եղել են ժամանակահատվածներ, երբ քաղաքական կուսակցությունները կառավարությունում միասին չէին աշխատում։ Միայն 2007-ին էր, որ կառավարությունը լիարժեք գործում էր, սակայն 2017 թվականին այն փլուզվեց»,- վերհիշում է նա։

Ջարմանի կարծիքով, գլխավոր պատճառը կայանում է նրանում, որ Հյուսիսային Իռլանդիայի հասարակությունը դեռևս բավականին պառակտված է։ Այն համաձայնության է եկել կրակի դադարեցման շուրջ, սակայն չկա փոխհամաձայնություն այն մասին, թե ի՞նչ է ուզում Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը: Դրա մի հատվածը ցանկանում է լինել Միացյալ Թագավորության մաս, իսկ մյուսը՝ Միացյալ Իռլանդիայի։ «Մենք ունենք շատ լուրջ տարաձայնություններ. քաղաքական կուսակցությունները էթնիկ տարբեր համայնքներից են, մարդիկ հաճախում են սեգրեգացված դպրոցներ, ապրում սեգրեգացված տարածքներում. կաթոլիկները՝ մի տարածքում, բողոքականները՝ մեկ այլ: Այսպիսով, մենք դեռևս շատ պառակտված հասարակություն ենք ու առայժմ ի վիճակի ճենք եղել հարթել այդ խորը պառակտումը», – ցավով նշում է նա:

Հնարավո՞ր է արդյոք հետընթացը

         Հյուսիսային Իռլանդիայի հասարակության մեջ գործող խորը տարաձայնությունների մասին խոսելիս հարց է ծագում, արդյո՞ք գոյություն ունի հակամարտության ռազմական փուլ վերադառնալու նույնիսկ փոքր հավանականություն։

«Կան որոշակի սցենարներ, որոնք ես տեսնում եմ ապագայում, բայց ոչ մոտ ապագայում», – պատասխանում է Նիլ Ջարմանը, հավելելով, որ ռազմական հակամարտությանը հանգեցրած գործոնները, ինչպիսիք են խտրականությունը կամ անհավասարությունը, վերացված են, եւ զինված ընդհարման համար չկա ոչ ախորժակ, ոչ աջակցություն, ոչ էլ պայմաններ:
Այնուամենայնիվ, հասարակության մեջ հաստատված հավասարակշռության վրա ազդող վերջին շրջանի խնդրներից է Բրեքսիթը: Հյուսիսային Իռլանդիայի համար սա այլ խնդիր է, քան Մեծ Բրիտանիայի մյուս շրջանների համար՝ սահմանի պատճառով։  Խաղաղ կարգավորման հաջողություններից մեկը Ջարմանը համարում է այն, որ սահմանը վերածվել է ավելի շատ վարչական, քան ազգային սահմանի. մարդիկ կարող են հատել այն իրենց համար գրեթե աննկատ: Բայց հիմա այն դարձել է իրական խնդիր: 

«Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծ մասը կողմ է քվեարկել Եվրամիության կազմում մնալուն, բայց, հավանաբար, բողոքականների մեծ մասը դեմ է քվեարկել, իսկ կաթոլիկներն ընդհակառակը՝ կողմ։ Սա վերհանել է հակասությունները և նորից բացել այն հարցը, արդյո՞ք Հյուսիսային Իռլանդիան պետք է միանա Միացյալ Իռլանդիային, այլ ոչ թե մնա Մեծ Բրիտանիայի կազմում»։

Այսպիսով, Բրեքսիթի հանրաքվեն «վերակենդանացրեց» սահմանի՝ վաղուց թաղված խնդիրը:  «Եվ ես տեսնում եմ սցենար, որի պարագայում Հյուսիսային Իռլանդիան  Միացյալ Իռլանդիայի մաս կազմելու հավանականությունն ավելի լուրջ խնդիր կդառնա, քանի որ բնակչության մի մասն այդ որոշմանը չի սատարի», – ամփոփեց  Նիլ Ջարմանը:

Դասեր, որոնք կարելի է քաղել

Չնայած Հյուսիսային Իռլանդիայի հասարակության մեջ առկա պառակտմանը, որը խորացել է Բրեքսիթի հանրաքվեից հետո, միանշանակ կան որոշ դասեր, որոնք կարելի է քաղել երկարատև հակամարտության կարգավորման իռլանդական փորձից։

Նիլ Ջարմանը մատնանշում է երեք ու կես տարի տևած ծանր բանակցություններն ու քաղաքական քննարկումները, որոնք նախորդել են 1998 թ. Խաղաղության համաձայնագրին, ինչպես նաև խաղաղության  հաստատման ուղղությամբ տարված այն հսկայական աշխատանքը, երկխոսությունն ու քննարկումները, որոնք սկսվել են դրանից շատ առաջ:

«Կարծում եմ, կարելի է ասել, որ հակամարտությունից դեպի խաղաղություն անցումը երկար ժամանակ է պահանջում: Եվ եթե դուք պատրաստվում եք պահպանել այն, պետք է հավատարիմ մնաք գործընթացին, պատրաստ լինեք երկխոսության մեջ ներգրավել մարդկանց, եւ պետք է համոզված լինեք, որ գործընթացը ներառական է, բոլորն ունեն խոսելու եւ լսվելու հնարավորություն», – ասում է նա:

            Փորձագետը շեշտում է, որ խտրականությունը և մարդկանց գործընթացից դուրս թողնելը որոշակի փուլում խնդիրներ կառաջացնեն: Այսպիսով, այն դասերը, որոնք կարելի է քաղել Հյուսիսային Իռլանդիայից, ըստ Ջարմանի, հետևյալն են. նվիրվածությունը գործընթացին, դրա տևականության ընկալումը և դրանում առանց խտրականության բոլորին ընդգրկելու անհրաժեշտությունը: «Պարզապես շարունակեք մնալ նվիրված և կհասնեք արդյունքի», – հավատացած է նա:

Նիլ Ջարմանի այցը Հայաստան 2018թ սեպտեմբերին իրականացվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Խոսնակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.