ԺԱՆՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀՈՒՇԵՐԸ. ՔՈՒՅՐԸ

1991 թ. աշնանը սկսվեցին Ստեփանակերտի լայնածավալ հրետանային և ավիացիոն ռմբակոծությունները: Քաղաքի կյանքը տեղափոխվեց նկուղներ: Տարհանումը գրեթե անհնար էր դարձել: Ես շատ պատմություններ եմ լսել այդ ժամանակների մասին, նկուղներում կյանքի մասին: Ես լսել եմ պատմություններ այն մասին, թե ինչպես էին երեխաները հաջողացնում դուրս գալ նկուղներից, որպեսզի ֆուտբոլ խաղան` հստակ իմանալով, թե որքան ժամանակ է անհրաժեշտ հակառակորդին՝ զենքը վերալիցքավորելու և կրակոցների նոր շարք արձակելու համար: Ես լսել եմ մի պատմություն, թե ինչպես այդպիսի մի դադարի ժամանակ կանայք վազում էին դատարկված շուկա՝ բանջարեղենից և մրգերից ինչ որ բան գնելու հույսով. մի անգամ այնտեղ հայտնված ընդհամենը մեկ պարկ խնձորի համար միանգամից հերթ էր գոյացել, և հենց այդ ժամանակ սկսվեցին կրակոցները: Բոլորը շտապեցին փրկվել, և կանանցից մեկը, ով արդեն գնել էր խնձորները, նույնպես վազեց, բայց հանկարծ ընկնելով գցեց իր ձեռքի կապոցը, և խնձորները ցրվեցին գետնով մեկ: Շուրջբոլորը արկեր էին ընկնում, բղավոցներ էին, խուճապ, իսկ նա սողեսող հավաքում էր խնձորները:

Սակայն կա մի պատմություն, որն ամենից շատ ցնցեց ինձ:

Նա բժիշկ էր, երեք դուստրերի մայր: Ավագ դուստրը 11 տարեկան էր, իսկ մյուս երկուսը դեռ շատ փոքրիկ էին: Նա հեռանալ չէր կարող, քանի որ բժիշկները այդ պահին օդ ու ջրի պես անհրաժեշտ էին, սակայն օրերով թողնել երեխաներին նկուղում՝ հարևանների խնամակալության տակ նույնպես չէր կարող: Սակայն, հաջողություն եղավ. ստացվեց երեխաներին նստեցնել ուղղաթիռ, ավելին՝ մարդիկ, ովքեր կխնամեին աղջիկներին, պլանավորել էին գնալ Մոսկվա: Գումար հայթայթեցին, որպեսզի աղջիկներին իրենց հետ Մոսկվա տանեն. այնտեղ էր նրանց մորաքույրը, ով հոգ կտաներ աղջիկների մասին:

Նրանք շատ երկար ճանապարհ անցան: Սկզբում նրանք ստիպված եղան երկար ժամանակ մնալ Երևանում, գիշերելու համար նրանց ապաստան տվեցին օտար մարդիկ, այնուհետև օդանավակայանում երկար սպասում էին իրենց թռիչքին, որն անընդհատ հետաձգվում էր: 11-ամյա աղջիկը կորցրել էր օրերի հաշիվը և միայն փորձում էր գիտակցել, որ արդեն մեծ է և պատասխանատվություն է կրում իր երկու փոքր քույրերի համար: Նա շատ էր վախենում, չէր հասկանում, թե ինչու մայրը ուղարկեց նրանց, չէ՞ որ ուրիշ երեխաները Ստեփանակերտում էին մնացել, և նա իր քույրերի հետ նույնպես դեռ կարող էր ապրել արդեն այդքան սովորական դարձած նկուղում:

Վերջապես նրանք տեղ հասան: Մորաքույրը նրանց դիմավորեց, նա անհանգիստ էր, բայց բարեհամբույր: Մորաքույրը երեխաներին բերեց տուն, որտեղ կար լույս և ջուր, որտեղ տաք էր, մաքուր և հարմարավետ: Մորաքույրը փոքրերին տարավ լողացնելու, իսկ ավագ քույրը նստած էր բազմոցի անկյունում և մտածում էր միայն մոր մոտ որքան հնարավոր է շուտ վերադառնալու մասին: Հանկարծ մորաքույրը դուրս վազեց լոգարանից բղավելով. «Ինչպե՞ս չես ամաչում, տես՝ ինչ վիճակում են աղջիկների վարտիքները»: Նա թափահարում էր վարտիքները՝ նախատելով աղջկան․․․ Ավագ քույրը ընդհանրապես չգիտեր՝ ինչ պատասխանել մորաքրոջը, իր մոտ ուղղակի չկար ոչ մի պատասխան, բայց նա, ով այսքան ժամանակ մեկ արցունք անգամ չէր թափել, սկսեց շատ ուժեղ և բարձրաձայնլաց լինել:

Հեղինակ՝ Ժաննա Կրիկորովա, «Бродячая собака» թատերական խմբի ղեկավար

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.