ԵՎ ԵՎՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԶՏԵՐ ԱՂԱՉԵՍՑՈՒՔ…

«Ձեր ուխտը ընդունելի լինի»… Հայր Մեսրոպի բարեմաղթանքով ուղևորվեցինք դեպի Ամարաս: Արևային օրը մերթ ցրում էր մռայլ մտքերը, մերթ իրենով անում` մոռացնել տալով, որ նախկինում այս ճանապարհը առանձնակի թեթևությամբ էինք կտրում-անցնում, իսկ հիմա այդ թեթևությունը չկար, մանավանդ որ, հեռվից հեռու Շուշիին ու Ղազանչեցոցին նայելը դեռ կսկծեցնում է: Առջևում Մսմնան էր, Սարուշենը, Կարմիր շուկան, Տնջրին, Թաղավարդը…

Ու Աստվածաշնչյան այս դեպքը, երբ Հիսուսը նայում է Երուսաղեմին ու լաց լինում… Նայում ենք Շուշիին ու…

Հայոց աշխարհի այս գողտրիկ անկյունը ինչու այսքան արհավիրք տեսավ: Նույն ինքը Ամարասը. բոլոր ժամանակների նվաճողներն էլ` պարսիկները, արաբները, սելջուկ-թուրքերը, թաթար-մոնղոլները մշտապես ձգտել են հիմնավեր անել այն: Բայց նա կանգուն է` առ այսօր, Տիրոջ ողորմությամբ, որպեսզի զՏեր խաղաղություն աղաչենք… Խաղաղություն` հոգու և մարմնի: Խաղաղություն մի այնպիսի ժամանակներում, երբ մի քանի մետր քեզնից այնկողմ թուրքն է, և քո իր միջև` խաղաղապահը:

Եվ ահա Ամարասը` արդեն հայկական դրոշով` շրջապատված ռուս զինվորականներով:

Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Խոր Վիրապ հիշատակության օրվան նվիրված Ս. Պատարագն անցավ մի շնչով: Քահանան` Հայր Գեղարդը, կարևորեց. «Մեծ Պահոց այս շրջանում Եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի  մուտն ի Խոր Վիրապ: Ինչու ենք այս օրը տոն համարում: Տոնախմբում ենք մի իրողություն, որը չարչարանք ու տառապանք է: Իսկ ի՞նչ է կատարվում մեր առօրյայում: Նույնը:  Նույն տառապանքով ենք անցնում: Ի՞նչ ենք անում մենք. աղոթում ենք:  Գրիգոր Լուսավորիչն իր աղոթքի ու հավատքի շնորհիվ ամբողջ մի ազգ դեպի Քրիստոսը բերեց: Հակառակ կողմում մենք ենք, որ աղոթքով ու հավատքով անցնում ենք տառապանքի միջով: Ամենակարող է Տերը` տառապանքից այս ազգը վեր կհառնի»:

Ռուս խաղաղապահ զորքերի ուղղափառ եկեղեցու քահանա Հայր Բորիսը, ով կապիտանի զինվորական աստիճան ունի, նույնպես մասնակիցն էր Ամարասում անցկացվող Ս. Պատարագին:

Նա խաղաղապահ զորքերի միակ քահանան է: Այն հարցին, թե ո՞րն է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, առանց տարակուսանքի է ասում. «Ես այստեղ եմ Ստեփան եպիսկոպոսի օրհնությամբ, ով ՌԴ զինված ուժերի հետ կապերի հանձնաժողովի նախագահն է: Այստեղ շատ եմ շփվում հասարակ ժողովրդի հետ նաև, հատկապես ռուսական համայնքի հետ, որը բավականին մեծ է: Ի դեպ, արդեն վերջերս կիրակնօրյա դպրոց է բացվել, որտեղ երեխաները հոգևոր սնունդ են ստանում, ինչը, մանավանդ այս պատերազմից հետո, հույժ կարևոր է: Մինչև հիմա երեխաները վախենում են բարձր ձայնից, ռումբերի պայթյունների ձայնից, հետպատերազմյան տրավմաներ կան, որոնցից երեխաները պետք է ձերբազատվեն: Աշխատում ենք նրանց հետ, փորձում բարին հասցնել, որպեսզի այդ վախերը մոռանան: Դրանից բացի, մեզ մոտ հաճախ են գալիս հավատացյալներ, որոնց հետ աղոթում ենք, իսկ վերջերս էլ միասին նշել ենք Ուղղափառ եկեղեցու տոներից մեկը` Ներման կիրակին, որից հետո մարդիկ տարբեր բարիքներ են իրենց հետ բերել, միասին թեյել ենք ու զրուցել: Այս ժողովրդին ես կմաղթեմ, որ առողջ լինեն և Տիրոջ պահպանության տակ», – խոսքն ավարտեղ Հայր Բորիսը:

Իսկ մենք հետ վերարձանք` հետևում թողնելով Ամարասը, կրկին աղոթք մրմնջալով, որ Տերը կազատի այս ժողովրդին արհավիրքներից ու տառապանքներից:

Խաղաղություն ամենեցուն…

Հեղինակ Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ, ք. Ստեփանակերտ

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.