ԱՆԳԼԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՏԱՐՍԻՍԸ

2019 թ. դեկտեմբերից 2020 փետրվար Արցախում անցկացվել է Կատարսիս անգլերեն լեզվի, գրականության և մշակույթի ուսուցման ծրագիրը: Դրան մասնակցել է Ստեփանակերտից և հարակից շրջաններից ավելի քան 75 ուսանող և դպրոցական: Կովկասի ինստիտուտի աջակցությամբ իրականացված ծրագիրը գործել է երկու ուղղությամբ: Առաջինը՝ անգլերենի դասընթաց սկսնակների համար՝ ուղղված հաղորդակցական անգլերենի հմտությունների և մշակութային իրազեկության զարգացմանը, ինտերակտիվ մեթոդների ու խաղերի կիրառությամբ:

Երկրորդի նպատակն էր լեզվին որոշ չափով տիրապետողների մոտ խորացնել անգլերեն գրականության ու մշակույթի իմացությունն ընթերցումների, զրույցների և դերային խաղերի միջոցով: Մասնավորապես, դասերին ներկայացվել են հատվածներ Բ. Շոույի “Պիգմալիոն”, Լ. Քերոլի “Ալիսան հրաշքների աշխարհում”, Ջ. Օրուելի “Անասնաֆերմա”, Օ. Ուայլդի “Լուրջ լինելու կարևորությունը” պիեսներից, Է. Դիկինսոնի և Ռ. Ֆրոստի բանաստեղծություններից և “Եգիպտոսի արքայազն”, “Երաժշտության ձայները”, “Անձրևի տակ երգողները” ֆիլմերից, ինչպես նաև Սուրբ Ծննդյան ավանդական երգերից:

Լուսինե Վանյան, դասընթացի կազմակերպիչ

“Համալսարանում անգլերեն դասավանդելիս նկատեցի, որ ուսանողները, որոնց հաճախ դժվար է ներգրավել, հաճույքով են դերային խաղերի մասնակցում: Նրանք մտնում են դերի մեջ, ոգևորվում և նվազագույն ջանքերով ընկալում ու մտապահում տեքստը: Եվ իմ մոտ միտք հղացավ կազմակերպել անգլերեն դասընթաց դերային խաղերի և ինտերակտիվ ուսուցման մեթոդների կիրառությամբ: Առաջնորդվում էի այն գաղափարով, որ լեզուների և դրանց միջոցով մշակույթի, գրականության և փիլիսոփայության ներկայացումը անհատի առջև նոր պատուհան է բացում, ցույց է տալիս աշխարհի խայտաբղետ ու բազմազան պատկերը և ձևավորում լայն մտահորիզոնով ու առողջ գիտակցությամբ քաղաքացի:

Այս մտքովով կիսվեցի Էլինա Գրիգորյանի հետ, որին դասավանդում էի մագիստրատուրայում և որը կուրսի լավագույն ուսանողներից էր: Կովկասի ինստիտուտի և Արցախի Պետական համալսարանի օժանդակությունը ստանալով՝ անցանք գործի: Դժվարը մասնակիցների հավաքագրման գործընթացն էր, հատկապես՝ անգլերենի իմացության միջին մակարդակով խմբի ստեղծումը:

Որպես դասընթացի արդյունք կարող եմ նշել. նշմարեցի մեր այն երիտասարդներին, ում հետ կարեի է բեմադրություն իրականացնել”:

Էլինա Գրիգորյան, դասավանդող

“Սա իմ խմբային դասավանդման առաջին երկարատև փորձն էր: Շատ տպավորված էի, թե ինչպես էին ուսանողներն ու աշակերտները շահագրգռված ավելի շատ գիտելիքներ ստանալ այդ դասընթացների ժամանակ: Միգուցե, պատճառն այն էր, որ դպրոցներում շեշտ չի դրվում ”listening” և ”speaking”-ի (լսողական և բանավոր խոսքի հմտությունների) վրա: Դասընթացների ժամանակ մեզ հաջողվել է այդ ունակությունները ինչ-որ չափով զարգացնել նրանց մեջ՝ երկխոսությունների և խաղերի միջոցով՝ այսպես ասած, լեզվի ուսուցման մի նոր ուղի հարթելով:

Դասընթացների ժամանակ մասնակիցների մոտ նկատեցի հետևյալ փոփոխությունները՝

  1. ազատ շփում 2. տիրապետում ինտերակտիվ դասերի 3. մտքերի ազատ արտահայտում

Այս դասընթացն ինձ մոտիվացրեց մասնագիտական աճի”:

Տիգրան Բադալյան, դասընթացի մասնակից

“Ես Տիգրանն եմ, աշխատում եմ Breengy սթարթափում՝ որպես ծրագրավորող։ Իսկ ցանկացած ծրագրավորողին անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն: Այդ իսկ պատճառով, 2019թ. դեկտեմբերից սկսել եմ մասնակցել Catharsis ծրագրին։

Ուշադրությունս իսկույն գրավեց ծրագրի յուրահատուկ մեթոդաբանությունը։ Ոզում եմ առանձնացնել դերախաղերը, որոնք շատ էին օգնում և իսկապես զարգացնում էին անգլերեն բանավոր խոսքը։ Միևնույն ժամանակ, դա հաճելի էր, ու ուրախ էր անցնում։ Բացի այդ, ավելի հմտացա անգլերենի բանավոր խոսքի մեջ և սկսեցի ավելի լավ հասկանալ զրուցակցիս։ Ինչպես արդեն նշեցի, շատ հավանեցի դերախաղերը, բայց ուսուցչուհու կազմակերպված մյուս խաղերը նույնպես ոչ մի բանով պակաս չէին և ավելի էին օգնում խորասուզվել անգլերեն լեզվի մեջ։

Դասընթացի միակ թերությունն այն էր, որ ծրագրով նախատեսված 90 րոպեանոց դասը հաճախ իրականում 2 ժամ էր տևում, քանի որ չէինք հասցնում անել այն ամենն, ինչ պետք էր։ Միգուցե, պատճառն ուսանողների մեծ քանակն էր, և բոլորի հետ լիարժեք պարապելու համար ավելի երկար ժամանակ էր պահանջվում:

Շնորհակալություն եմ հայտնում Էլինա Գրիգորյանին և Կովկասի ինստիտուտին` ամենը կազմակերպելու համար”:

Մարիաննա Աղաբեկյան և Լուիզա Մարտիրոսյան, դասընթացի մասնակիցներ

“Մասնակցել եմ լեզվին միջին մակարդակով տիրապատողների համար ծրագրին և անչափ գոհ եմ ու շնորհակալ։ Ձեռք բերեցի նոր գիտելիքներ անգլերեն գրականությունից ու մշակույթից շատ հետաքրքիր եղանակներով՝ դերային խաղերի միջոցով, ֆիլմեր դիտելով։ Նյութը բավականին բազմապլան էր, օրինակ հասկացանք, թե “Ալիսան հրաշքների աշխարհում” հեքիաթում Լ. Քերոլը ֆիզիկայի, անտրոպոլոգիայի և կոգնիտիվիստիկայի առնչվող ինչպիսի օրինաչափություններ է բացատրում։

Իսկ անգլիական դասական գրականության էկրանավորումները զարգացրին մեր ներաշխարհը և յուրօրինակ ազդակներ հաղոդեցին։ Անգլիայի մշակույթի առանձնահատկությունն այն է, որ տարբեր տոներին նրանք սիրում են երգել։ Երգը նրանց միավորում է և տոնական տրամադրություն է ստեղծում։ Հետևելով այդ ավանդույթին՝ կազմակերպեցինք սուրբծննդյան թեյախմություն և ծանոթացանք իրենց ամանորյա հիմների հետ։ Դերային խաղերը մեզ թույլ էին տալիս առանց շատ ջանքեր գործադրելու հարստացնել մեր բառապաշարը։ Դրանց արդյունքում մասնակիցների միջև որոշակի փոխգործակցություն ծագեց, որի ընթացքում համատեղ վերստեղծում էինք նյութի իմաստը։ Ստեղծվում էր մի մթնոլորտ, որի շնորհիվ մենք կտրվում էինք առօրյա կյանքից և, ստանձնելով հերոսների դերերը, հայտնվում կախարդական մի աշխարհում։

Մեծ հաճույքով կաջակցենք նման ծրագրերի կազմակերպմանը, քանի որ դրանք տալիս են անգլերեն սովորելու, ինչպես նաև ընդհանուր գիտելիքներ ստանալու և մարդկանց հետ փորձով կիսվելու հնարավորություն։ Շատ շնորհակալ եմ այդ ծրագիրն իրականացնելու համար”։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.