ԿԱՐՃ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2019թ․-ի դեկտեմբերից 2020թ.-ի հունվար մենք աղջիկներով` Թարգմանչական գործ բաժնի 3 – րդ կուրսի ուսանողուհիներս, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում անցկացրեցինք “Creative group” անգլերենի դասընթացներ: Դրանց նպատակն էր ոչ ստանդարտ ձևաչափերով երեխաներին սովորեցնել անգլերեն լեզվի քերականագիտական, բառագիտական և հնչյունաբանական հմտությունները, ինչպես նաև բարձրացնել մասնակիցների հետաքրքրվածությունը և խորացնել նրանց սերը լեզվի նկատմամբ։

Ծրագիրն անցկացվեց Կովկասի ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ: Այն մասին, որ ինստիտուտն Արցախում դրամաշնորհային ծրագրերի մրցույթ է հայտարարել, իմացանք Ֆեյսբուք սոցիալական ցանցից: Որոշեցինք օգտագործել մեր մասնագիտական հմտությունները և մեր իսկ հարազատ գյուղերում անգլերենի դասընթաց կազմակերպելու հայտ ներկայացնել: Այնտեղ  անգլերենի խմբակներ չկան, լրացուցիչ պարապմունքների  համար անհրաժեշտ է հասնել Ստեփանակերտ, ինչը մեծ ծախսեր է պահանջում։ Չէինք էլ կարող պատկերացնել, որ վերոնշյալ մրցույթի արդյունքներով ընտրված 5 ծրագրերից մեկը կլինի մերը:

Ծրագիրն իրականացնելիս առաջին դժվարությունը, որն ունեցանք, երեխաների ընտրությունն էր: Որոշեցինք թեստերի միջոցով ընտրել Մարտունու շրջանի Թաղավարդ, Թաղավարդ-կալեր, Շեխեր և Կարմիր շուկա գյուղերի 4-ից 7-րդ դասարանների աշակերտներին։ Մեզ դիմած մոտ 70 երեխաներից ստիպված էինք ընտրել միայն 25-ին։ Դասընթացը նպատակահարմար գտանք անցկացնել Կարմիր շուկա համայնքի դպրոցում, քանի որ այն գտնվում է նշված գյուղերից հավասար հեռավորության վրա։

Երեխաները մեծ սիրով էին հաճախում մեր դասերին, դասերն անց էին կացվում շաբաթական 3 օրը մեկ 2-ական  ժամով: Երեխաներին հատկապես ոգևորում էր, որ անգլերենը սովորում էին հետաքրքիր խաղերի միջոցով, խնդրում էին պարապմունքները ամեն օր անցկացնել։

Հենց սկզբից որոշել էինք, որ բառագիտություն բաժինը կվարի Մարիամը, քերականությունը՝ Լիլիթը, իսկ հնչյունաբանությունը՝ Դիանան։ Դասընթացի վերջում ջերմ ու տոնական մթնոլորտում բոլորին հանձնեցինք ավարտական հավաստագրերը։ Կարծում ենք, որ մեր ծրագիրը հաջողվել է, քանի որ կարողացանք երեխաների մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել անգլերենի նկատմամբ։

Հեղինակներ`

Մարիամ Քարամյան

Դիանա Մանվելյան

Լիլիթ Մարգարյան

Արցախի պետական համալսարանի ուսանողուհիներ

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.