ԳԻԱ. ԿՅԱՆՔԸ ՌԻԹՄԻ ՄԵՋ

Իննան, ով սոցցանցերում իրեն անվանում է ԳԻԱ, օգտագործելով անվան առաջին տառերը, ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Փոքր տարիքում այնքան աշխույժ երեխա էր, որ մայրիկը, ցանկանալով նրան մի բանով զբաղեցնել, պարի սակավաթիվ խմբակներից մեկը տարավ։ Փոքրիկ Իննան մեկընդմիշտ սիրեց պարը և այդ ասպարեզում լավագույններից մեկը դարձավ։ Երբ ավարտեց արվեստի դպրոցը, Արցախի պարի պետական համույթում աշխատելու առաջարկ ստացավ։ «9֊րդ դասարանի աշակերտ էի, արդեն կարող էի աշխատել, բայց հայրս կողմ չէր իմ պարին, նա իր կարծիքն ուներ: Հիշում եմ, ինչպես էր ձեռքիցս բռնած տարել, որպեսզի անձամբ տեսնի, թե որտե՞ղ և ու՞մ հետ եմ պարելու»։

Արցախում աղջիկների աշխատանքի հարցում ծնողներն ու ավագ եղբայրները վճռորոշ դեր են խաղում։ Այդպես էր տարիներ առաջ, հիմա էլ դեռ շատ ընտանիքներում այդպես է։ Իննան հնարավորություն ուներ ուսումը շարունակելու Երևանում կամ Մոսկվայում, բայց մայրը թույլ չտվեց` անգամ բարեկամների մոտ ապրելու պայմանով։ Եվ նա մնաց Արցախում, 12 տարի աշխատեց պարի պետական համույթում։

«Երբ մեծացա և խնդիրների հանդիպեցի, մի տեղ կար, որտեղ ամեն ինչ մոռանում էի՝ պարասրահը։ Երբ մտնում էի պարելու, ուրիշ մարդ էի դուրս գալիս։ Միշտ շատ հեշտ եմ յուրացրել նոր շարժումները, կարծես դրանք արդեն գիտեի։ Մեր աշխատավարձը 3500 դրամից է սկսվել, բայց չգիտեմ ինչպես, ամեն ինչ հասցնում էինք։ Ելույթներ ենք ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Հունաստանում, ՌԴ-ում, և համարյա ամեն օր Արցախի շրջաններ էինք այցելում։ Բայց ժամանակի ընթացքում շատ բան փոխվեց՝ սկսած մարդկային հարաբերություններից։ Մի օր ստիպված էի թողնել Պարի պետական համույթը և անցնել գրասենյակային աշխատանքի։ Շատ դժվար էր ռիթմով կյանքից հետո նստել գրասենյակում: Գիտակցում էի, որ դա ժամանակավոր է։ 2018թ.-ի Ամանորից առաջ զանգեցին և ասացին, որ ինձ աշխատանքից կրճատում են։ Զարմանալի թեթևությամբ ընդունեցի այդ լուրը։ Անակնկալի եկա, երբ մի թուղթ ուղարկեցին տնօրենիս, որ նա էլ է ազատված աշխատանքից։ Նա լավ ու պարտաճանաչ աշխատող էր, իրենց տան միակ աշխատողը, անգամ չէին զգուշացրել»։

Իննան աշխատանքին զուգահեռ ֆիտնեսի դասեր էր տալիս, և դա մնաց իր եկամտի աղբյուրը։ Բայց գործատուն առանց իր հետ խորհրդակցելու փոխեց աշխատանքի պայմանները՝ ի վնաս Իննայի, քանի որ վարձատրման պայմանները որևէ պայմանագրում ամրագրված չէին։ Այժմ այդ պատմությունն էլ է անցյալում։

Այսօր Իննան մշտական աշխատանք չունի, տարբեր բաներ է փորձում։ Տարածք է վարձակալել և կանանց համար զումբայի խմբակ բացել։ Կենցաղից ու առօրյայից հոգնած կանանց պարգևում է 1,5 ժամ ուրախ ու օգտակար անցկացնելու հնարավորություն։ Սեփական տարածք ձեռք բերելու համար բավարար գումար առայժմ չունի: Բացի այդ, վստահ չէ, թե որքան այցելու կունենա զումբայի երեկոյան խմբակը, քանի որ Արցախում դեռևս քիչ կանայք կարող են իրենց թույլ տալ նման պարապմունքների հաճախել։ Եկամտի մեկ այլ աղբյուր նրա համար նորահարսիկներին հայկական հարսանիքներում ընդունված հարսի պար սովորեցնելն է։

Երբ հարցրի նրան, թե ինչը չի ընդունում մեր իրականության մեջ, ասաց. «Շատ բաների հետ եմ հարմարվել, տարբեր մարդկանց եմ ճանաչում, որոնց հարգում եմ, բայց զարմանում եմ մեր քաղաքի այն տղաներից, ովքեր չեն աշխատում: Գիտեմ՝ դժվար է աշխատանքի հարցը, փոքր քաղաք է, բոլորը հետևում են քեզ, քննարկում, բայց տղան պետք է աշխատի՝ համաձայնելով ցանկացած աշխատանքի: Ես իմ հորից եմ դա սովորել»։

Իննան ինձ համար 2 հատկանիշներով է առանձնանում: Առաջինը՝ նա դժվարությունները ժպիտով է հաղթահարում։ Դա արցախցուն բնորոշ քաջության հատկանիշ է։ Երկրորդը՝ նա կարիքին արձագանքող սիրտ ունի։ Մի հատուկ դրամապանակ է պահում, որտեղ հավաքում է բարեգործության համար իր և իր ընկերուհիների տրամադրած գումարները։ «Եղել է դեպք, երբ կարողացել ենք այդ գումարով մարդու համար Հնդկաստանից թանկարժեք դեղ  պատվիրել։ Ամեն բան էլ լինում է, և այդ գումարը միշտ գնում է որևէ կարիք բավարարելուն»։  

Իննան իր տեղը փնտրող ստեփանակերտցի է, օգնում է նաև տեղի քրիստոնեական համայնքային ծառայություններին, ակտիվ մասնակցում տարբեր արշավների, ուխտագնացությունների, մշակութային միջոցառումների, դասընթացների։ Հուսով եմ, շուտով ինչպես նրա, այնպես էլ մյուս վառ և բազմազբաղ երիտասարդ աղջիկների համար հայրենիքում ավելի լայն հորիզոններ կբացվեն։

Հեղինակ Արև Ապրեսովա, բանասիրական գիտությունների մագիստրոս

Լեռնային Ղարաբաղում երիտասարդ կանանց հասարակական և քաղաքական գործունեության հետ կապված գրառումները պատրաստվել են «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Արմավիրր զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.