ԿՈՇԿԱԿԱՐԸ

Ամեն առավոտ աշխատանքի գնալիս Ալ․ Մանուկյան փողոցում հանդիպում եմ մի մարդու, ով էլեկտրական սայլակով, պիկ ժամերին մեքենաներից առաջ անցնելով, հատում է ճանապարհը, ուղղվում դեպի կոշկակարի իր փոքրիկ արհեստանոցը, ինչպես ժողովուրդը կասեր՝ բուդկան։ Այդ մարդը 63-ամյա Էդիկ Աբրահամյանն է, ով Արցախյան պատերազմի ժամանակ Մատաղիսի շրջանում ողնաշարի վիրավորում է ստացել և արդեն 27 տարի է գամված է սայլակին։

Եթե մտովի անտեսենք սայլակի առկայությունը, կտեսնենք մի առույգ տղամարդու, ով սիրում է կյանքը, իր սիրած գործով է զբաղվում,  երեք երեխայի է մեծացրել, կրթություն տվել նրանց։ Բայց իրողության հետ հեշտ չէ համակերպվել։ “Երբ այս դեպքն ինձ հետ պատահեց, մտածում էի, որ կյանքն այլևս անիմաստ է, ապրելը՝ դժվար,- խոստովանում է նա։ -Հենց այդ ժամանակ “Կարմիր Խաչ”-ը դասընթացներ կազմակերպեց սահմանափակ կարողություններով մարդկանց համար։ Ես այնտեղ հանդիպեցի ինձ նման շատ մարդկանց, ովքեր գորգագործություն, ասեղնագործություն, գոբելեն և շատ այլ արհեստներ էին սովորում։ Ես ընտրեցի կոշկակարությունը, և այն դարձավ իմ փեշակը, իմ օրվա հացը վաստակելու միջոցը։ Այդտեղ էլ ես հույսով լցվեցի, հասկացա, որ ամեն ինչ դեռ ավարտված չէ”։

Համեստություն չի անում, ասում է, որ լավ կոշկակար է, մարդիկ գոհ են լինում, չեն բողոքում։  Ճիշտ է, դժվար է ձեռք բերել իր արհեստանոցը, բայց այն դարձել է իր փոքրիկ դրախտը, որտեղ մարդկանց հետ շփվում է, իր ծառայություններն է մատուցում և իր ընկերների հետ է հանդիպում։ Կոշկակար Էդիկը քաղաքականությամբ շատ չի հետաքրքրվում: Ասում է. միևնույն է, լինելու է այնպես, ինչպես պետք է լինի։ Բայց ղարաբաղցուն հատուկ լավատեսությամբ ասում է. ոնց էլ լինի, վերջը լավ է լինելու։

Ամենից շատ Էդիկը դժգոհում է քաղաքի անհարմարությունից։ Սայլակով քաղաքում շրջելը չափազանց դժվար է, թեքահարթակները ճիշտ չեն կառուցված, անհարմար են և ստանդարտներին չեն համապատասխանում։ Իսկ ահա բարերար Հրանտ Թովմասյանից շնորհակալ է. Ամերիկայից նրա համար մեքենա է ուղարկել, նաև՝ էլեկտրական սայլակ, որով առանց որևէ մեկի օգնության տեղաշարժվում է։

Ճիշտ է ասված՝ ամեն մարդու տրվում է այնպիսի չափի փորձություն, որը նա ի վիճակի կլինի տանել․․․ Էդիկն ի վիճակի եղավ ընդունել ու տանել իր բաժին փորձությունը, ոչ միայն տանել, այլև պատվով հաղթահարել։ Երեխաներին պահելու և իրենց մուրազին հասցնելու միտքը, նպատակը, կյանքի ուղենիշ դարձավ, դժվար օրերում ՝ լուսաշող աստղ։

Կոշկակար Էդիկը շատերի համար վառ օրինակ է՝ պայքարելու, չհանձնվելու, դաժան փորձությունները հաղթահարելու և կյանքը վայելելու իր նպատակասլացությամբ։

Հեղինակ` Գայանե Գևորգյան, “Ազատ Արցախ” հանրապետական թերթի սրբագրիչ

Գրառումը պատրաստվել է «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Արմավիրր զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:


 

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.