ԱԼԻՍԱՆ ՄՈՒԼՏԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՄ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՓՈՔՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Սրանից ութ տարի առաջ տեղափոխվեցի նոր թաղամաս։ Սկզբից ծանոթացա տեղի երեխաների հետ, որոնք ազատորեն տիրում էին Ստեփանակերտի կենտրոնից հեռու գտնվող այս թաղերում։ Մենք միասին Զատիկ նշեցինք և այդ օրվանից էլ ընկերացանք։

Այսօր արդեն տեսնում եմ նրանց որպես ավագ դասարանների աշակերտներ, քոլեջների սաներ։ Նրանք երիտասարդ, նոր սերունդ են և պետք է ավելի դիմացկուն լինեն ժամանակի բազմաթիվ խնդիրների նկատմամբ։ Այդ խնդիրներից մեկն էլ աշխատանքի հարցն է։ Այսօր շատ կրթված և խելացի  երիտասարդներ չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանք գտնել, քանի որ բարձրագույն կրթությունը հեշտ հասանելի է ոչ միայն  խելացիների, աշխատասերների, ուսումնատենչերի համար։ Անխտիր բոլորը, ովքեր քիչ թե շատ հնարավորություն ունեն, ընդունվել, սովորել, ավարտել են, իսկ դրանից հետո աշխատանք են ձեռք բերում ճիշտ նույն եղանակով. ըստ հնարավորության և ոչ ըստ կարողությունների։

Բայց դա ունեցավ նաև իր դրական կողմը։ Մարդիկ սկսեցին ինքնուրույն ելքեր փնտրել։ Այսօր արդեն տեսնում ենք նորաբաց մանկական սրճարաններ, երեխաների համար զարգացման, ժամանցային կենտրոններ, միջոցառումների կազմակերպման ծառայություններ, վարսա֊մատնահարդարման ծառայությունների մեծ աճ։ Դրանք հնարավորությունների փոքրիկ դռներ բացեցին։ Ու այս ֆոնին կուզեի կիսվել Ալիսայի օրինակով։ Նա տարբերվում է նրանով, որ 12 տարեկանից ինքնուրույն սկսեց գումար  վաստակել։ Դա մեզ մոտ մի տարիք է, երբ աղջիկները և տղաները դաս են սովորում, խմբակներ հաճախում։

Ալիսան 15 տարեկան է, և, ինչպես ասացի, ապրում է իմ հարևանությամբ։ Ամեն օր տեսնում եմ նրան ականջակալներով փողոցը անցնելիս։ Նա սևաչյա, սևահեր, խելացի հայուհի է՝ մարդամոտ, հասկացող, ակտիվ, եռանդուն։ 3 տարի առաջ իր ծննդյան օրը որոշեց նշել մանկական սրճարանում։ Նրանք մուլտհերոս կանչեցին, իսկ Ալիսան այնքան ակտիվ էր, ժիր, որ իրեն էլ առաջարկեցին աշխատել։ Սկզբից դիտում էր, հետո համաձայնեց աշխատել։ Եռանդուն լինելու պատճառով թերևս միշտ աշխատանք ունի։ Ալիսան խոստովանեց, որ ամռանը մեծերի չափ գումար է վաստակում։ Նա սիրում է ուրախացնել փոքրիկներին, ժամանցային ծրագրեր իրականացնել, սիրում է իր գործընկերներին։

Երբ հարցրեցի դժվարությունների մասին, նա մի այսպիսի դեպք պատմեց. «Վերջերս մի երեխայի ծնունդ էր, և մեզ էին կանչել, ես պիտի լինեի մուլտհերոսի կերպարի մեջ։ Բայց երեխան շատ էր վախենում։ Բոլորից վախենում էր, բայց ես կարողացա սիրվել նրա կողմից։ Երբ դեմքիս մասերը երևում են, հեշտ եմ լեզու գտնում անգամ վախեցող երեխաների հետ։ Թերևս ամենամեծ դժվարությունը, որ կարող ես հանդիպել, վախեցող երեխան է»։  

Երբ հարցրեցի վաստակած գումարների մասին, ասաց, որ ինքնուրույն տնօրինում է դրանք, իր կարիքներն է հոգում, եթե պետք է լինում՝ մեծերին էլ է տալիս, որոնք հետո միշտ հետ վերադարձնում են։ Անկեղծ ասած, ինձ զարմացրեց Ալիսայի հասուն պատասխանը այն հարցին, թե ի՞նչ է տվել նրան այդքան վաղ գումար վաստակելը։ Նա երկար չմտածեց. «Երկու բան հաստատ կարող եմ ասել. ինքնուրույն դարձա, կարիքներս ինքս եմ հոգում, ամեն բանի համար ծնողներից գումար չեմ ուզում։ Երկրորդը՝ թեև իմ գործը հեշտ է, բայց ես արդեն գիտեմ, ինչ դժվարությամբ են դրամ վաստակում։ Ես այս հարցին արդեն այլ կերպ եմ նայում»։

Ալիսան այս տարվանից բժշկական քոլեջի ուսանող է։ Մասնագիտությունն ընտրել է սիրով, որովհետև մանկուց սիրում էր բժշկական գործիքներով խաղալ: Ասում է. սիրում էր ֆիլմեր, որտեղ սպիտակ հագուստներով բժշիկները մարդկային կյանքեր էին փրկում։ Նա համատեղում է դասն ու գործը՝ դասերին շատ ավելի ուշադրություն դարձնելով։

Իհարկե, սա մի փոքրիկ օրինակ է, բայց այն, որ Ալիսայի նման մարդիկ մեծ սիրով են կատարում իրենց մեկժամանոց գործը և գոհ են, ինձ համար արդեն մեծ խնդիրներ լուծելու ճիշտ ճանապարհ է։

Հեղինակ Արև Ապրեսովա, բանասիրական գիտությունների մագիստրոս

Լեռնային Ղարաբաղում երիտասարդ կանանց հասարակական և քաղաքական գործունեության հետ կապված գրառումները պատրաստվել են «Լեռնային Ղարաբաղում հասարակական ներգրավվածության կարողությունների բարձրացում» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է Արմավիրր զարգացման կենտրոնի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի և ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ համատեղ:

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.