ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ. ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՆ ՔՍԱՆ ՏԱՐԻ ՊԱՍԻՎ ԵՂԱՆԱԿՈՎ Է ՊԱՀՊԱՆՎԵԼ

Հարցազրույց “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսան Հակոբյանի հետ “ԼՂ հակամարտություն. մենք ավելի շատ խոսում են պատերազմի՞, թե՞ խաղաղության մասին” թեմայով:

Պարոն Հակոբյան, ինչու միջազգային մակարդակում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ԼՂ հակամարտության կողմերը խոսում են խաղաղ կարգավորման մասին, սակայն հակամարտող երկրներում ավելի շատ դիսկուրսը ծավալվում է պատերազմի հավանականության շուրջ:

Տեսենք, զինադադար կնքվեց 1994 թ.-ի մայիսի 12-ին: Դրանից առաջ պատերազմի թեժ փուլն էր: Զինդադարից հետո դադարեցին ռազմական գործողությունները եւ փորձ էր կատարվում հասնել խաղաղության պայմանագրի: 1990-ական թթ. կեսերին Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ ջանքեր էին գործադրում: Թեպետ անձամբ ներգրավված չեմ եղել այդ գործընթացում, այլ խնդիրներով էի զբաղված, սակայն այդ ամենը կատարվել է իմ ներկայությամբ: Հայաստանի իշխանություները դրա կողմնակիցն էին, փորձում էին համոզել Ադրբեջանին: Նման ջանքեր էր գործադրում նաեւ Ռուսաստանը, նկատի ունեմ Բորիս Ելցինի իշխանությունը: Սակայն Հայաստանում իշխանափոխություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց Ռոբերտ Քոչարյանը, այդ ջանքերը կամ դադարեցին, կամ գնացին այլ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները, հասնականալով, որ ուղիղ խաղաղության հասնել հնարավոր չէ, փորձում էին դրան հասնել՝ կողքից հարցեր լուծելով: Առաջ էր քաշվել Մեղրիի տարբերակը: Իհարկե, մինչեւ օրս չի ընդունվում, որ իսկապես քննարկվել է, սակայն ես այլ տեսակետի կողմնակից եմ: Կարծում եմ, որ փորձել են այդ տարբերակով հարցը լուծել, որն անթույլատրելի է Հայաստանի համար, սակայն այդ ժամանակվա ՀՀ իշխանությունները գնացել են դրան ընդառաջ՝ Մեղրիի միջանցքի փոխանակումը Լաչինի միջանցքի հետ: Այն տարբեր պատճառներով չստացվեց:

Այնուհետեւ եկավ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը: Այդ ժամանակ եւս փորձում էին խաղաղության հասնել այլ եղանակներով: Դա Թուրքիայի հետ ստորագրված զույգ արձանագրությունների միջոցով սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հանգամանքն էր: Սարգսյանի իշախանությունը փորձեց դրանով ապահովել խաղաղություն, սակայն իրական խաղաղության հաստատման ուղղությամբ լուրջ քայլեր, ըստ էության, չկատարվեցին: Ադրբեջանը շահագրգռված չէր դրանում, Հայաստանը եւս լուրջ շահագրգռվածություն այդ ուղղությաբ չցուցաբերեց: Հայաստանի իշախանությունները բավարարվեցին նրանով, որ բացի հարակից մանր խնդիրների լուծման փորձերից, կարողացել են ապահովել ստատուս-քվոն ցանկացած տարբերակով: Ի նկատի ունեմ, որ ստատուս քվոն կարելի է պահպանել ակտիվ եւ պասիվ եղանակներով: Բայց քսան տարի հենց պասիվ եղանակով է այն պահպանվել:

Ի՞նչ փոփոխություններ են կրել ժամանակի ընացքում ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղության մասին քննարկումները:

Խաղաղության դիսկուսր գոյություն է ունեցել անընդհատ: Ուղղակի այդ դիսկուրսում մեր քաղաքականությունը եղել է ոչ ակտիվ, պասիվ՝ սպասելով, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչ-որ բան կառաջարկի. եթե այն ստացվեց՝ լավ, չստացվեց՝ ոչինիչ: Ահա սա է եղել հիմնական մոտեցումը: Անգամ ԵԱՀՄ ՄԽ-ի շրջանակներում ակտիվություն չի եղել Հայաստանի կողմից, համենայն դեպս ես դա չեմ զգացել: Այսօր, քանի որ ՀՀ-ում իշխանափոխությունը բերել է մի նոր իրավիճակի, կարծում եմ, մեր նոր իշխանություններն ակտիվացնելու են ջանքերը երկու ուղղությամբ: Առաջին. ակտիվություն Մինսկի խմբի հայտարարած Մադրիդյան սկզբունքների կյանքի կոչման շրջանակներում: Անընդհատ փորձել գտնել խնդրի կարգավորման իրատեսական տարբերակներ, կամ գոնե ակտիվորեն նպաստել այդ տաբերակների հայտնաբերմանը: Երկրորդ. փնտրել եւ իրագործել Մադրիդյան սկզբունքներից դուրս ինչ-որ հիմնախնդրի կարգավորման այլ տարբերակներ, որոնք առաջին հերթին կապահովեն խաղաղությունը զինադադարի մակարդակով, կամ ի վերջո կնպաստեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Ինչպիսի՞ն է փոխզիջումների միջոցով խաղաղության հաստատման բանաձեւը:

Փոխզիջում ասվածը նշանակում է հասնել խաղաղության՝ ինչ որ բան տալով ու ստանալով: Սա երազանք է երկու պետությունների ու ժողովրուդների համար: Մենք չպետք է վատ վերաբերվենք այս բանաձեւին: Պետք է խաղաղության համար չարչարվենք ու դրան սպասենք: Մենք պետք է խաղաղության համար չարչարանք ու ջանքեր պահանջենք նաեւ իշխանություններից: Եթե այսօր ինչ-որ մի բան չի ստացվում, դա չի նշանակում, որ ջանքերն այդ ուղղությամբ պետք է թուլացնել: Հասարակությունը դա պետք է պահանջի իշխանություններից: Այդ ջանքերը պետք է երեւան: Դրանք նույնքան տեսանելի պետք է լինեն, որքան, ասենք, տնտեսության զարգացման բնագավառում կատարվող քայլերը: Ինքնս կողմնակից եմ նաեւ Մադրիդյան հայտնի սկզբունքներից դուրս միջազգային հարաբերություններում առկա այլ՝ անջատում հանուն փրկության սկզբունքի կիրառմանը ԼՂ հակամարտության կարգավորման պարագայում: Սա բավականին հեռանկարային բանաձեւ կարող է լինել: Այն այժմ բացարձակ ակտուալ չէ, սակայն մեր իշխանությունները, կարծում եմ, այդ սկզբունքին պետք է ավելի լավ ուշադրություն դարձնեն: Այդ սկզբունքը կիրառվել է Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Հարավային Սուդանի հարցերում: Մեր խնդրի մասով այն ոչ մի կերպ չի քննարկվել, քանի որ նման քայլեր չեն կատարվել: Կարծում եմ, այժմ այդ ուղղությամբ ջանքերը կակտիվանան: Սրա մասին է վկայում ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, եւ ես ուրախ եմ դրա համար: Այս կզբունքը ենթադրում է, որ ինքնորաշման իրավունքի իրականացման համար Ադրբեջանն ուղղակի կազմակերպեց հայերի ցեղասպանությունն Ադրբեջանի ԽՍՀ տարածքում, եւ հայերը ստիպված եղան պաշտպանվել՝ փրկվելու համար: Մեզ հաջողվեց պաշտպանվել եւ փրկվել այն տարածքում, որը մենք ունենք որպես Արցախի Հանրապետություն:

Հարցազրույցը վարեց Արշալույս Մղդեսյանը

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.