ՄԱՐԿԵԴՈՆՈՎ. ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ

Միամտություն կլիներ կարծել, թե ցանկացած իշխանափոխություն, լինի դա Հայաստանում, թե Ադրբեջանում, վայրկենապես կփոխի Ղարաբաղյան կարգավորման շուրջ հասարակական բավականին պահպանողական կարծիքը: Նման դիրքորոշում է հայտնել Միջազգային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը Կովկասի Ինստիտուտին տված հարցազրույցում: Գնահատելով Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վիճակը, նա նշել է. «Կարծում եմ, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի կապակցումը Թավշյա հեղափոխության հետ փոքր-ինչ արհեստական է, քանզի Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու իշխանափոխությունը և հակամարտությունը, որը սկսվել է ոչ մեկ, ոչ երկու, ոչ էլ երեք տարի առաջ, շատ տարբեր գործընթացներ են»: Նրա կարծիքով, կարևոր է հասկանալ, որ Հայաստանում փոխվել է իշխանությունը, բայց չի փոխվել հասարակությունը, որը գտնվում է նույն կետում, որտեղ և իշխանափոխությունից առաջ էր: «Հայկական հասարակության ներսում ոչ մի օր չի դադարել բանակցային գործընթացին չճանաչված ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության և նպատակահարմարության շուրջ քննարկումը: Եթե պաշտոնատար անձինք այդ թեման չեն ակտիվացրել և չեն մտցրել օրակարգ, դա չի նշանակում, որ հարցը բացակայել է: Այն առկա է եղել ԱԳՆ-ում, փակ և բաց քննարկումներում»,-նշում է նա, հավելելով. «Տվյալ պահին իրավիճակն այսպիսին է. կողմերը, ինչպես և մեկ, երկու կամ երեք տարի առաջ, մինչև Թավշյա հեղափոխությունը, և դրանից հետո, պատրաստ չեն փոխզիջումային լուծումների»: Փորձագետի կարծիքով, սրանից հետևում է, որ ցանկացած հույս, թե տարիներով չլուծված հակամարտության կարգավորումը հանկարծ կտեղաշարժվի Մնացականյանի և Մամեդյարովի մի հանդիպման, հասարակությունները խաղաղության պատրաստելու մասին մեկ հայտարարության պատճառով, միամտություն է:

Մարկեդոնովը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի դիրքորոշման մեջ նույնպես սկզբունքային փոփոխություններ չկան: Նա վկայակոչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մեկ տարի առաջ և բոլորովին վերջերս՝ 2019-ի փետրվարին օգտագործած ձևակերպումը, թե հակամարտության կարգավորման գործում շտապել չի կարելի:

Մարկեդոնովը տարածված կարծրատիպ է անվանել հատկապես արևմտյան քաղաքագիտության մեջ առկա այն տեսակետը, որ Ռուսաստանը չի ցանկանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, քանզի այդ դեպքում կզրկվի Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշման լծակներից: «Ես պատրաստ կլինեի ընդունել այդ տեսակետը մի պայմանով. եթե ինձ ապացուցեն, որ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական և հասարակական մակարդակներով պատրաստ են հակամարտության կարգավորմանը: Այս դեպքում “կարգավորում” ասելով հասկանում ենք ոչ թե կողմերից մեկի հաղթանակը, այլ փոխզիջումային մի տարբերակ», – ասում է նա, հավելելով, որ ներկայում այդ փոխզիջումային տարբերակը չկա:

Այս դեպքում, քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը չի կարող փորձել արագացնել բանակցային գործընթացը, քանի որ դա կարող է դժգոհություն առաջացնել երկու կողմերի մոտ էլ: «Այս մասին բազմիցս եմ ասել և կարող եմ կրկնել. եթե անգամ վաղը Փաշինյանը և Ալիևը հանդիպեն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու առաջադեմ ողջ հանրության ծափողջույնների ներքո խաղաղ համաձայնագիր ստորագրեն, դա ամենևին չի նշանակի, որ այն ի կատար է ածվելու», – նշում է Մարկեդոնովը, վկայակոչելով այն բազմաթիվ դեպքերը, երբ խաղաղության համաձայնագրերի ստորագրումը բերել է ահաբեկչական ակտիվության աճի, ընդդիմադիր գործունեության, և անգամ քաղաքացիական բաց դիմակայության: Դասական օրինակը, նրա գնահատմամբ, Իռլանդիայում 1920-ականների քաղաքացիական պատերազմն է, երբ բրիտանական իմպերիալիզմից ազատագրվելու դարավոր երազանքն ի կատար էր ածվել, և իռլանդացիներն անմիջապես սկսեցին սպանել միմյանց, քանի որ համարում էին, որ փոխզիջման գինը չափազանց բարձր էր:

Մարկեդոնովի խոսքով, Ռուսաստանի համար՝ արևմուտքի հետ վերջինի հակազդեցության, քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, եվրոպակետրոն կողմնորոշումից դեպի եվրասիական վեկտոր անցնելու փորձերի լույսի ներքո, ղարաբաղյան հակամարտությունը առաջնային խնդիր չէ: «Ուստի, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, բայց այն Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն հակամարտությունը չի կարգավորելու: Կոմկուսի Կենտկոմ Մոսկվայում այլևս չկա»,-շեշտում է Մարկեդոնովը:

Քաղաքագետը նշում է, որ մոտ ժամանակ հակամարտության վերջնական կարգավորման հեռանկար չի տեսնում, քանզի դրա համար չկան նախադրյալներ և ինքը չի տեսնում այնպիսի ծրագիր, որը կընդունվեր և՛ Հայաստանի, և՛Ադրբջանի հասարակությունների կողմից: «Եթե այսպես է, ուրեմն արդյո՞ք բանակցային գործընթացի կարիքը չկա: Իմ տեսանկյունից, կա: Այն, որ անցյալ տարի Դուշանբեում Փաշինյանին և Ալիևին հաջողվեց ուղիղ կոնտակտ հաստատել և հասնել միջադեպերի թվի նվազեցմանը, ինչը 2013թ-ից առաջին անգամ էր արձանագրվում, քիչ չէ», – նշում է նա: Մարկեդոնովի գնահատմամբ, կարգավորման գործընթացին մաքսիմալիստական չափանիշներով մոտենալը ճիշտ չէ՝ ակնկալելով, որ եթե ղեկավարների հանդիպում է տեղի ունեցել, ուրեմն հաջորդ օրն իսկ պետք է պատրաստ լինի խաղաղության համաձայնագիրը: «Այդպես չի լինում: Խաղաղ կարգավորման ցանկացած գործընթաց, լինի դա Բալկաններում կամ Մերձավոր Արևելքում, ուղիղ գծով չի ընթանում: Որոշակի համաձայնությունների ձեռքբերումից և ճեղքումից հետո լինում է անկում, նաև հետընթաց, հետո՝ լճացում: Ուստի այստեղ էլ նույն կերպ է լինելու», -գտնում է նա: Մարկեդոնովի կարծիքով, ականատես ենք բազմազգ մեծ պետության՝ ԽՍՀՄ-ի փլուզմանը: «Եթե Հռոմեական, Ավստրո-Հունգարական կամ Օսմանյան կայսրությունների փլուզումը բարդ գործընթաց էր, ապա ինչու՞ ԽՍՀՄ-ի փլուզումը պետք է հեշտ լինի»,-հարցնում է նա:

Հարցազրույցը վարեց Գոհար Մարտիրոսյանը

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.