Գաղտնի խոսակցություններ Ղարաբաղյան հակամարտության մասին

Շուրջ 25 տարիների ընթացքում այցելելով Հայաստան, Ադրբեջան և Ղարաբաղ՝ ես հակամարտության վերաբերյալ հարյուրավոր զրույցներ եմ ունեցել ամենատարբեր տեսակի մարդկանց հետ՝ քաղաքական գործիչներից մինչև ագարակատերեր։

Ես լսել եմ նույն տեսակետը հարյուրավոր անգամներ, երբ զրուցակիցներս ինձ ասում էին, որ արդարությունն իրենց կողմն է, իսկ ագրեսորը մյուս կողմն է։ Դրանում ոչ մի արտառոց բան չկա, ես չեմ կասկածում այդ մարդկանցից շատերի անկեղծությանը։ Հակամարտությունները ձևավորվում են ոչ միայն մարտի դաշտում, այլև մտքերում։

Բայց ես հաճախ հարցրել եմ ինքս ինձ, թե որքանո՞վ են այս պնդումները «զանգվածային գիտակցության», հակամարտության վերաբերյալ այլընտրանքային հասարակական ուղերձի բացակայության արդյունք։ Ի վերջո, այլ հակամարտություններում, Կիպրոսից մինչև Հյուսիսային Իռլանդիա և Մերձդնեստր, կարող ես հանդիպել տեսակետների իսկապես լայն շրջանակի։ Բոլոր վերոնշյալ դեպքերում կա իրական «խաղաղության կողմ», որը պատրաստ է գնալու զիջումների։ Ինչու՞ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է տարբերվի։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից դրական ուղերձներ և հայտարարություններ են հնչել հակամարտության առնչությամբ։ Եվ վերջին տասնամյակում առաջին անգամ նշվել է, որ պետք է պատրաստել հասարակություններին խաղաղության։

Այսպիսով, կարո՞ղ է արդյոք փոխվել հայերի և ադրբեջանցիների շրջանում առկա դիսկուրսը։ Խոսելով այս մասին մտքիս են գալիս մի քանի խոսակցություններ, որոնք շեղվել են ընդհանուր սցենարից, երբ զրուցակիցս տարբերվող բան է ասել։

Ես հիշում եմ այն ղարաբաղցի հային, ով 2001թ. Քիվեսթյան բանակցությունների ընթացքում ասաց ինձ. «Անկեղծ ասած՝ մենք հոգնել ենք սրանից»։ Ես հիշում եմ քաղաքական շրջանակներին մոտ կանգնած այն ադրբեջանցուն, ով հանկարծ ինձ ասաց. «Մենք 20 տարի ենք վատնել։ Մենք երբեք պատշաճ կերպով չենք խոսել հայերի հետ։» Ես հիշում եմ հայ ընկերոջս, ով, վերադառնալով երևանյան շուկայից, պատմեց մի խոսակցություն վաճառողի հետ, ով իրեն ասել էր. «Եթե Ղարաբաղի հակամարտությունը չլիներ, մենք այս խառնաշփոթի մեջ չէինք հայտնվի»։

Սրանք բոլորը մասնավոր զրույցներ էին։ Ես անուններ չեմ տալիս։ Այս անհատները գրեթե անկասկած այլ բան կասեին, եթե հեռուստատեսության տեսախցիկի առջև խոսեին։

Բայց նրանք հիշեցումն են այն բանի, որ այս հակամարտությունում ևս կան գաղտնիքներ, և փակ դռների հետևում հակամարտության վերաբերյալ կարծիքներն ավելի տարաբնույթ են, քան դա երևում է հասարակայնորեն։ Իհարկե, դա այդպես է։ Միակ հարցն այն է, թե երբ և ինչպես այդ տարբերվող ձայներին կթույլատրվի արտահայտվել։

Հեղինակ՝ Թոմաս դե Վաալ
Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ հետազոտող

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.