ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ

Հայաստանը ինֆորմացիոն հակամարտության թիրախ է։ Դա, իհարկե, միայն մեզ բնորոշ մի բան չէ։ Այսօր գրեթե բոլոր երկերներում այսպես, թե այնպես մտահոգված են տեղեկատվական պատերազմներով։ Քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները կտրուկ հեշտացնում են ներթափանցումը տեղեկատվական հոսքերի մեջ, ապա կեղծ նորությունները, քարոզչությունը, մանիպուլյատիվ տեխնոլոգիաները դառնում են լուրջ խնդիր բոլոր հասարակությունների համար։

Սոցիալական ցանցերը, դրանց կիրառումը, դարձնում են խոցելի ամեն մի երկիր, ամեն մի հասարակություն։ Եվ այդ վտանգները արդեն շուտվանից տեսական չեն։ Դրա շատ վառ օրինակ է այսօր ծավալվող ռուս֊ուկրաինական հակամարտությունը, կամ Ռուսաստան֊Արեւմուտք հարաբերությունների կտրուկ սրացումը վերջին տարիներին։ Բոլոր դեպքերում, տեղեկատվական պատերազմը հանդիսանում է հիմնական հակամարտության տեսակ։ Եվ քարոզչության հակազդեցության վրա այսօր աշխարհում լուրջ մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ են ծախսվում։

Հայաստանի համար այս իրողությունը նոր չէ։ Դեռ երկուհազարականների առաջին տարիներից Ադրբեջանը ակտիվորեն օգտագործում է համացանցը հակահայկական քարոզչության համար։ Սկզբնական շրջանում տարբեր տիպի քարոզչական գործողությունները իրականացվում էին զանազան ոչ պետական խմբերի կողմից։ Սակայն ժամանակի ընթացքում պաշտոնական Բաքուն սկսեց վերահսկել եւ ուղղորդել, ֆինանանսավորել Հայաստանի եւ Սփյուռքի դեմ իրականացվող քարոզչական գործողությունները։

Մինչեւ 2009 թվականը Հայաստանի դեպքում հակաքարոզչությւոնը իրականացվում էր նույնպես բազմաթիվ ցանցային խմբերի կողմից, որոնք փորձում էին անել այն, ինչը պաշտոնական Երեւանը չէր անում։ 2009 թվականին միայն ուժի մեջ մտավ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, որը սկսեց կարգավորել այս ոլորտում պետության գործառույթները։ Սա բալանսի բերեց Ադրբեջանի հետ քարոզչական հակամարտությունը։ Պաշտոնական Բաքուն այս ուղղությամբ ծախսում է անհամեմատ ավելի մեծ գումարներ, սակայն տեղեկատվական պատերազմների ոլորտը շատ դեպքերում կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլ ինտելեկտուալ ներուժից։ Ինչը Հայաստանին թույլ է տալիս առնվազն հավասար դիրքերից ներկայանալ։

Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան,

տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ

Գրառումը պատրաստվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ: Հեղինակի կողմից հնչեցված կարծիքները կարող են չհամընկնել Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։

Posts created 46

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Posts

Begin typing your search term above and press enter to search. Press ESC to cancel.